Friday, January 23, 2009

Ընդդիմադիր գործիչը գտնում է, որ «Հայաստանը պետք է պատժվի»

«Ազատություն». 22-1-2009- Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ խիստ գնահատականներ կհնչեն, եւ գտնում է, որ Հայաստանը պետք է իսկապես պատժվի եւ զրկվի ձայնի իրավունքից: «Հայաստանի Հանրապետության իշխանությունները [սպառել են] այն լիմիտը, որ նրանց տրված էր Եվրոպայի խորհրդի կամ եվրոպական կառույցների կողմից, որպեսզի նրանք իրոք տասը ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում վերականգնեին ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ազատությունը», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Խաչատրյանը: - «Այդ ընթացքում տեղի է ունեցել հակառակը»: Անշուշտ, ըստ ընդդիմադիր գործչի «միանշանակ չէ ձայնից զրկելը այն առումով, որ դրանից հետո իշխանությունը Եվրոպայի առջեւ որեւէ պարտավորություն չի ունենա եւ կսկսի ուժեղացնել ռեպրեսիաները ընդդիմության նկատմամբ»: Սակայն, նրա խոսքով, կա որոշ սահման, եւ Եվրոպայի խորհուրդը, որը «նաեւ իր մեղավորությունը ունի Հայաստանի այսօրվա ներքաղաքական իրավիճակի մեջ», արդեն պետք է մտածի իր մասին: «Մենք` որպես ընդդիմություն, գտնում ենք, որ հարցը լուծողը, պրոբլեմ ունեցող Եվրոպայի խորհուրդն է դարձել: Ինքը պետք է իր արժեքների պահպանողը դառնա եւ պետք է ապացուցի, որ դրա տերն է», - հավելեց Վահագն Խաչատրյանը: Ռուբեն Մելոյան

No comments: