/PanARMENIAN.Net/ . 22.1.2009- Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին: Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետան», Մոսկվայի պատասխանը, թե իր հասցեին հնչած մեղադրանքները Հայաստանին 800 մլն դոլարի սպառազինություն փոխանցելու վերաբերյալ անհիմն են, չի գոհացրել Բաքվին: Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է. «Այս փաստի առնչությամբ անցկացվող քննությունը հիմք է տալիս ենթադրելու, որ տեղեկությունները Ռուսաստանի կողմից հայերին փոխանցված զենքի մասին համապատասխանում են իրականությանը»:
Ընդ որում Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ այս միջադեպը «նպաստում է հայերի կողմից Ադրբեջանի տարածքի օկուպացիայի շարունակմանը»: «Այս առնչությամբ ԱԳՆ-ն իր մտահոգություն է հայտնում Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ սերտ բարեկամական եւ ռազմավարական հարաբերությունների համատեքստում, ինչպես նաեւ այն դերի կապակցությամբ, որ Մոսկվան ստանձնել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում: Պաշտոնական Բաքուն գտնում է, որ վերոհիշյալի առնչությամբ իրավիճակի հետագա զարգացման պատասխանատվությունն ընկնում է անմիաջապես Ռուսաստանի վրա»,-ասվում է հայտարարության մեջ:
Մոսկվայից պարզաբանումներ պահանջելու առիթ է հանդիսացել ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տվյալներն այն մասին, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանին անհատույց փոխանցվել է տարբեր տեսակի սպառազինություն: Թեեւ ՌԴ եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունները հերքել են այդ փաստը, Բաքուն շարունակում է պնդել, որ միջադեպը հարկավոր է քննել:
Մեկնաբանելով միջադեպը՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Գասանովը հայտարարել է լրագրողներին, որ «եթե այդ փաստը հաստատվի, Ռուսաստանի իմիջին ինչպես տարածրջանում, այնպես էլ աշխարհում լուրջ վնաս կհասցվի: Ընդ որում վնաս կհասցվի նաեւ նրա չեզոք միջնորդի իմիջին»: Ընդ որում Գասանովը հաղորդել է, որ «քանի դեռ փաստերը խոսում են այն մասին, որ զենքի անհատույց փոխանցում Հայաստանին եղել է, ռուսական կողմի փաստարկները մեզ չեն համոզում հակառակ բանում»: «Այս դեպքում մենք կդիտարկենք Ռուսաստանը որպես մի հարեւան, որին հարկավոր չէ վստահել, եւ անլուրջ կհամարենք Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի վերաբերմունքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Բաքվում արված հայտարարությանը»,-նշել է նախագահի աշխատակազմի բաժնի վարիչը:
Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի ԱԳՆ-ին նոտա է փոխանցել, որտեղ հերքել է այս «հաղորդագրությունը» եւ նշել, որ Հայաստանին «զենքի փոխանցման» հարցը սպառված է:
Friday, January 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment