Saturday, January 17, 2009

ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՑ ԵՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Lragir. 16-1-2009- Այն, ինչ կատարվում է այս օրերին Գազայի հատվածում, իսկապես հումանիտար աղետ է, մարդկային ողբերգություն: Իսրայելա-պաղեստինյան հերթական պատերազմի հետեւանքով զոհվում են անմեղ մարդիկ, երեխաներ, վիրավորները չեն ստանում անհրաժեշտ օգնություն, մարդիկ զրկված են ջրից, մի կերպ են հոգում գոյության տարրական պայմանները: Այդ տեսանկյունից, եթե զոհվում են անմեղ մարդիկ, եթե տուժում է խաղաղ բնակչություն, ապա իրավիճակը կարծես թե աներկբա դատապարտելի է, ով եւ ինչի համար էլ վարի պատերազմը:Բայց նորություն չէ նաեւ, որ աշխարհում պատերազմները սկսելիս եւ վարելիս, ով էլ որ լինի սկսողը, շատ քիչ է հաշվի առնվում խաղաղ մարդկանց համար դրա հետեւանքի հեռանկարը: Մյուս կողմից, շատ պատերազմներ սկսվում են նաեւ հենց այն բանի համար, որ խաղաղ բնակչությանը պաշտպանեն պարբերական հարձակումներից: Իսրայելն ասում է, որ ընթացիկ պատերազմը սկսել է հենց դրա համար, քանի որ Գազայի հատվածից Համաս ծայրահեղական խմբավորումը վերջին շրջանում պարբերական հրթիռակոծման էր ենթարկում Իսրայելի հարավային քաղաքները: Դրանց անվտանգությունն ապահովելու համար էլ, քանի որ հրթիռակոծումը դադարեցնելու իսրայելական կոչը Համասը թողնում էր անարձագանք, Իսրայելի բանակը մտավ Գազայի հատված, որպեսզի չեզոքացնի Համասի կրակակետերը:Պատերազմին հեռվից հետեւող մարդիկ բաժանվել են հիմնականում երկու մասի: Մի մասը համակրում է արաբներին, կարեկցում նրանց, որ հայտնվել են անմարդկային պայմաններում եւ չեն հանձնվում, իսկ մյուս մասն էլ համակրում է Իսրայելին, որ չի երկմտում իր շահը անգամ զենքով պաշտպանելու հարցում, որ հաշվի չի առնում միջազգային հանրության կոչերն ու մահմեդական աշխարհի սպառնալիքները, չի երկնչում արաբներով շրջապատված լինելու փաստից եւ պաշտպանում է սեփական պետությունը: Իհարկե, զուտ մարդկային այդ դատողությունների տակ կա մեծ քաղաքականություն, կան գերտերությունների շահեր, հետաքրքրություններ, որոնք կատարում են իրենց զգալի դերը թե արաբների համառության եւ թե Իսրայելի համարձակության առումով:Մեր դեպքում խնդիրը դատողությունն է, մեր` հայերիս, հայաստանցիներիս դատողությունը: Պաշտոնական Երեւանը Գազայի հատվածում պատերազմի բռնկումից հետո հանդես եկավ չեզոք մի հայտարարությամբ, որով հույս հայտնեց, որ խնդիրը կլուծվի խաղաղությամբ: Դրանից ավելին թերեւս պետք էլ չէր: Ոչ պաշտոնական Երեւանից ձայն է հանել թերեւս միայն հայ կամավորականների համախմբումը, որը դատապարտել է Իսրայելի քայլը եւ զորակցություն հայտնել արաբներին: Եղել են անհատական արձագանքներ, քաղաքագետների մակարդակով, որոնք հիմնականում աչքի են ընկնում արաբների հանդեպ համակրանքով, կամ կարեկցանքով եւ դատապարտում են Իսրայելի քայլերը: Ընդ որում, հարկ է նշել, որ հայաստանյան արձագանքների հիմքում ամենեւին էլ հումանտիար գործոնը չէ, այլ զուտ քաղաքական գնահատականը: Եթե լիներ հումանտիար գործոնը, ապա թերեւս միանգամայն հիմնավոր է, որ կարեկցում ենք ոչ թե Իսրայելին, այլ արաբներին: Բայց արձագանքը վերաբերում է քաղաքական կողմին:Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ հայ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանրույթը ադեկվատ է իրավիճակին: Ադեկվատ է սեփական հոգեվիճակի եւ մտածողության տեսանկյունից: Բանն այն է, որ արաբ-իսրայելական հերթական բախման պարագայում Հայաստանից այլ արձագանք ակնկալել կամ սպասելը դժվար էր, քանի որ հայաստանյան պաշտոնական եւ փորձագիտական, ու նաեւ հասարակական-քաղաքական հանրույթի զգալի մասը առաջնորդվում է կարծրատիպերով, բարդույթներով: Քանի որ մենք միշտ զոհ ենք եղել, կամ պատմականորեն առավելապես զոհ ենք եղել, մենք գիտակցաբար ու ենթագիտակցաբար համակրում ենք միմիայն զոհերին, հակվում ենք զոհերի կողմ: Դրանից բացի, այստեղ երեւի թե համարում ենք, որ քանի որ Իսրայելը չի ճանաչում հայերի ցեղասպանությունը, իսկ աշխարհն էլ կառավարում են հրեաներն ու դավադրություններ են կազմակերպում նաեւ հայերի դեմ, ապա պետք չէ Իսրայելի որեւէ քայլի հանդեպ լոյալ վերաբերմունք ունենալ: Մինչդեռ, հայաստանյան ոչ պաշտոնական արձագանքի մեջ մոռացվում է մի քանի կարեւոր հանգամանք, որ արժե նկատի առնել իսրայելա-արաբական հակամարտությունը դիտարկելիս: Օրինակ այն, որ մենք վաղուց արդեն զոհ չենք, մենք հաղթող հասարակություն ենք եւ պետք է որ բավական հասուն դատողություն ունենանք այդօրինակ իրավիճակների պարագայում, ոչ թե լացակումած եւ ապագա զոհի կերպարանքով բարդույթավորենք եւ զոհի զգացում հաղորդենք նաեւ մեր հասարակությանը: Եվ ամենակարեւորը: Իսրայելա-արաբական ներկայիս բախումը եւս մի վկայություն է այն բանի, որ չկա անվտանգության առավել հուսալի երաշխիք, քան սեփական դիրքը: Դա պետք է նկատի առնել եւ ի գիտություն ցուցանել այն գործիչների, որոնք պատրաստվում են Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքների դիմաց տարածքներ հանձնել Ադրբեջանին: Իսրայելի օրինակը լավագույնս վկայում է, որ անվտանգության միմիայն սեփական երաշխիքներ կան, ոչ երբեք միջազգային: Եվ փոխանակ աշխարհին ասելու, որ Իսրայելին չդատապարտելով այլ պետությունների, տվյալ դեպքում Ադրբեջանին են խրախուսում նման գործողություններին, հայաստանյան հանրույթը թերեւս պետք է ինքն իրեն ասի, որ պետք է այլեւս հրաժարվել միջազգային երաշխիքների պատրանքից եւ վերադառնալ իրականություն ու ամրապնդել այդ իրականությունը, ոչ թե այն հանել քաղաքական առեւտրի: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: