Thursday, January 22, 2009

ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը միանգամայն իրատեսական է

/PanARMENIAN.Net/ . 21-1-2009- Միանգամայն հավանական է, որ մոտ ամիսներին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, 106-րդ բանաձեւի նմանությամբ, կրկին ներառվի ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում եւ այս անգամ հազիվ թե ԱՄՆ նոր նախագահի վարչակազմը խանգարի դրան: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի ընտրվելուց հետո Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միանգամայն իրական է»,-ասել է հայ թրքագետը: Միեւնույն ժամանակ, Սաֆրաստյանը նշել է, որ ԱՄՆ 44-րդ նախագահը ապրիլի 24-ին ԱՄՆ հայ համայնքին ուղղված իր ավանդական ուղերձում չի օգտագործի «ցեղասպանություն» տերմինը: Ելնելով Կովկասում ԱՄՆ-ի շահերից, ինչպես նաեւ ամերիկա-թուրքական հարաբերություններից՝ Օբաման ձեռնպահ կմնա Օսմանյան Թուրքիայում հայերի հետ կատարվածը հենց ցեղասպանություն որակելուց»,-նշել է պրոֆեսորը: Իր նախընտրական արշավի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բազմիցս է հայտարարել, որ անհրաժեշտ է 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն ճանաչել: Նա խոստացավ, որ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Ցեղասպանությունը: Բացի այդ, Օբաման հայտարարել է, որ նպաստելու է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, որոնք ըստ նրա «կծառայեն Հայաստանի ու ԱՄՆ-ի ընդհանուր անվտանգությանն ու կամրապնդեն ժողովրդավարությունը ՀՀ-ում»:

No comments: