Sunday, January 18, 2009

Բակո Սահակյան. «Մենք շարունակելու ենք այն ճանապարհը, որը ընտրվել է մեր ժողովրդի կողմից»

«Ազատություն». 17-1-2009- Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, երեկ Արցախի պետական համալսարանում պատասխանելով ուսանողների հարցերին, ներկայացրել է իր դիրքորոշումները Ղարաբաղյան կարգավորման հարցում: «Մենք շարունակելու ենք այն ճանապարհը, որը ընտրվել է մեր ժողովրդի կողմից», - ասել է նա: - «Իհարկե, կա դիվանագիտական աշխատանք եւ կա մի ձեւաչափ բանակցային գործընթացում, որը, իհարկե, չի կարող նպաստել, որպեսզի այս ձեւաչափում ընթացող գործընթացները բերեն որեւէ տրամաբանական ավարտի: Մի պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում այդ բանակցություններին»: Լեռնային Ղարաբաղի նախագահը շեշտել է, որ ամեն անգամ օգտագործում է առիթը` բարձրաձայնելու բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին. - «Հետեւաբար, մենք, օգտագործելով մեր հնարավորությունները, իսկ դա, առաջին հերթին, Միսնկի խմբի համանախագահներն են... Եվ նրանք այս վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել են, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անհնարին է լինելու այս հարցը լուծել»: Անդրադառնալով հարցի լուծման առջեւ ծառացած դժվարություններին` Լեռնային Ղարաբաղի նախագահը ասել է. - «Հիմնական դժվարությունը եւ խոչընդոտը Ադրբեջանի ներկայիս քաղաքական ղեկավարության կեցվածքն է: Այնուամենայնիվ, մենք շարունակելու ենք մեր աշխատանքը»: «Այսօր հարցը ենթարկված է որոշակի շահարկումների, եւ ոչ մի կերպ չի նպաստում հարցի դրական լուծմանը», - շարունակել է Սահակյանը: - «Ես չեմ ուզում, որ մեր շարքերում լինեն այնպիսիները, որոնք փորձեն հարցի քննարկումը ինչ-որ շահադիտական նպատակներով օգտագործել»: Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

No comments: