Sunday, January 18, 2009

ԲՈՒՇԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԱԶԳԻՆ

«Առավոտ»- 17.1.2009 - Երեկ ԱՄՆ գործող նախագահ Ջորջ Բուշը վերջին անգամ դիմեց ժողովրդին՝ որպես երկրի ղեկավար: Ըստ ամերիկյան ավանդույթի՝ նման ելույթների գլխավոր իմաստն է՝ զգուշացումներ եւ հորդորներ հղել իրավահաջորդին: gazeta.ru-ն հիշեցնում է, որ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը իր վերջին ճառում զգուշացնում էր չմտածված արտաքին քաղաքական դաշինքներ կնքելուց, իսկ Դուայթ Էյզենհաուերը՝ ռազմաարդյունաբերական համալիրի գերհզորացումից: Ջորջ Բուշն իր 13 րոպեանոց ճառում կրկին խոսեց «Ալ Ղաիդայի» մասին: «Մեր թշնամիները համբերատար են եւ լի են կրկին հարձակվելու վճռականությամբ»,- զգոնության այդպիսի կոչ արեց Ջորջ Բուշը նոր նախագահին: Բուշը ընդգծեց, որ Իրանքի դեմ պատերազմը պետք է դիտել ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում, միաժամանակ նկատելով, որ իր կարծր որոշումները հասարակության մեջ դժգոհություններ էին առաջացնում: Գործող նախագահը ընդունեց, որ որոշ հարցեր նա այսօր այլ կերպ կլուծեր, եթե լիներ այդպիսի հնարավորություն: Բուշը նաեւ կցանկանար, որ որպես իր պաշտոնավարման ընթացքում կատարված դրական գործեր՝ հիշատակվեին ազգային անվտանգության նախարարության ստեղծումը, նոր հակաահաբեկչական օրենքների ընդունումը, համընդհանուր կրթությանն ուղղված քայլերը: Խոսելով ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին՝ ԱՄՆ նախագահը հիշեցրեց, որ վարչակազմը վճռական միջոցներ է ձեռնարկել, հակառակ դեպքում կորուստներն ավելի մեծ կլինեին:

No comments: