Saturday, January 17, 2009

ԻՍՐԱՅԵԼԸ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ Է ՄԱԿ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆԸ

Անցած գիշեր Իսրայելի օդուժը մոտ 70 հարված է հասցրել Գազայի հատվածին: Գիշերային մարտերի ընթացքում սպանվել է առնվազն 10 պաղեստինցի: Իսկ երեկ Գազայի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որի պատճառը դարձյալ Իսրայելի զինված ուժերի հրթիռակոծությունն էր: Վիրավորվել է «Ալ Արաբիա» լրատվական ալիքի 2 աշխատակից: Բազմահարկ շենքում գտնվում էին տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցչություններ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող «Ալ Աքսա» հեռուստաընկերության տաղավարները: Հաղորդվում է նաեւ, որ իսրայելական զորքերը հրթիռներ են արձակել Գազայում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանի վրա, որի հետեւանքով 3 աշխատակից վիրավորվել է: Այդ շենքում պատսպարվում էին բազմաթիվ խաղաղ բնակիչներ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը իր վրդովմունքը հայտնեց Իսրայելի՝ նման գործողությունների կապակցությամբ: Հետաքրքիրն այն է, որ այժմ նա գտնվում է հենց Իսրայելում, որտեղ բանակցություններ է վարում խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Պաղեստինցի պաշտոնյաների տվյալներով, Իսրայելի գործողությունների սկզբից՝ Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 1000 հոգի, որից մոտ 300-ը երեխաներ եւ դեռահասներ են:

No comments: