Saturday, January 17, 2009

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները Հայաստանում ունեցած հանդիպումների մասին զեկույց հանձնաժողովին կներկայացնեն հունվարի 26-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն (Ֆրանսիա) եւ Ջոն Պրեսկոտը (Միացյալ Թագավորություն) Հայաստանում հունվարի 15-ին ունեցած իրենց հանդիպումների, երկրի կողմից ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման մասին զեկույց հանձնաժողովին կներկայացնեն հունվարի 26-ին: Ինչպես «Արմենպրես»-ին ասաց մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնը, ով համազեկուցողների հետ ժամանել էր Հայաստան, Ժ.Կոլումբիեն եւ Ջ.Պրեսկոտը հրաժարվում են մեկնաբանել տպավորություններն այցից` նշելով, որ գնահատականները կներկայացնեն զեկույցում: Բ.Քլայնը նաեւ ասաց, որ համազեկուցողները ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպման անհրաժեշտություն չեն տեսել, քանի որ բանաձեւերի կատարման հիմնական հասցեատերը իշխանություններն են, եւ կարիք կար նրանցից տեղեկանալ բանաձեւերի կատարման առաջընթացի մասին: Նշենք, որ համազեկուցողները հունվարի 15-ին հանդիպումներ ունեցան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, փորձագետների փաստահավաք խմբի անդամների, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին ընդունեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

No comments: