Thursday, January 22, 2009

ՀՀ ԱԳՆ ղեկավար. Պարզ չէ, թե արդյոք Բաքուն պատրաստ է ղարաբաղյան հակամարտության լուծմանը, թե՝ ոչ

/PanARMENIAN.Net/ - 21.1.2009- Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար անհրաժեշտ է հակամարտության կողմերի միջեւ վստահության մթնոլորտ ստեղծել: Եթե Հայաստանը պատասխանի Բաքվի հակահայկական քարոզչության յուրաքանչյուր արտահայտմանը, ապա իրադրությունը կարող է փակուղի մտնել: Այդ մասին Երեւանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մոսկովյան հռչակագրում հստակ ասվում է, որ Երեւանն ու Բաքուն պետք է անեն ամեն ինչ, որպեսզի վստահության մթնոլորտ ստեղծեն հակամարտության լուծման համար: Բայց այսօր պարզ չէ, թե արդյոք Բաքուն պատրաստ է ղարաբաղյան հակամարտության լուծմանը, թե՝ ոչ»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար:

No comments: