Tuesday, January 20, 2009

Եթե Եվրամիությունը Թուրքիային չընդունի, Անկարան դուրս կգա Nabucco նախագծից

HayInfo.20-1-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Բրյուսելը Թուրքիայի հետ չվերսկսի ԵՄ անդամակցության բանակցությունները, Անկարան կվերանայի Nabucco նախագծում իր մասնակցության հարցը: Էրդողանը հրապարակավ կասկածի տակ է դրել նախագծի նպատակահարմարությունը: Հիշեցենք, որ $12 մլրդ արժողությամբ Nabucco գազատարի շինարարությունը նախատեսված է Կենտրոնական Ասիայից և Մերձկասպյան տարածաշրջանից գազը Կենտրոնական Եվրոպա փոխադրելու համար: Ե՛վ Nabucco, և՛ ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարները նախատեսվում է շահագործման հանձնել 2013թ.: Էրդողանը պահանջել է վերսկսել ԵՄ անդամակցության շրջանակում էներգետիկ բաղադրիչի շուրջ բանակցությունները, որոնք կասեցվել էին Կիպրոսի նախաձեռնությամբ: Միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետությունը Թուրքիային մեղադրում է Միջերկրական ծովում նավթի և գազի հայտնաբերման երկրախուզական աշխատանքների իրականացումը խոչընդոտելու մեջ: Անկարան, իր հերթին, պնդում է, որ Կիպրոսի հետազոտական նավերն աշխատանքներ էին ծավալում Թուրքիայի մայրցամաքային շելֆում: Nabucco-ի միջոցով Եվրոպան ցանկանում է նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից և տարեկան ստանալ 30 մլրդ խմ գազ: Գազատարը պետք է անցնի Թուրքիայի ու Բալկանյան երկրների տարածքով՝ մինչև Ավստրիա։ /Կապիտալ

No comments: