Thursday, January 15, 2009

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼ

Բրիտանական Links կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամուտը (լուսանկարում) Day.az կայքին տված իր հարցազրուցում նշել է, որ 2009 թվականին Հարավային Կովկասի երկրներն իրենց վրա կզգան համաշխարհային տնտեսական ճգնաժամի հարվածը: Դա, նրա կարծիքով, կարտահայտվի անշարժ գույքի գների անկմամբ, արտասահմանից եւ հատկապես Ռուսաստանից տրանսֆերտների, ինչպես նաեւ ներդրումների կրճատմամբ, զարգացման տեմպերի դանդաղեցմամբ: Կոնկրետ Ադրբեջանը, փորձագետի կարծիքով, ստիպված կլինի անցկացնել կարծր ֆիսկալային քաղաքականություն, անկախ նրանից՝ բարձրանալո՞ւ են նավթի գները, թե՝ ոչ: Պատասխանելով Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի՝ Ռուսաստանի ճանաչման եւ ղարաբաղյան հիմնախնդրի փոխկապակցվածության մասին հարցին՝ Սամուտը համոզմունք է հայտնել, որ հիշյալ տարածքներն առանց այդ էլ 15 տարի գտնվել են Վրաստանի վերահսկողությունից դուրս, եւ դրանց ճանաչումը զուտ խորհրդանշական փաստ է: Նույնքան խորհրդանշական կարող է մնալ 2008-ի նոյեմբերին ստորագրված Ղարաբաղի վերաբերյալ Մոսկովյան հռչակագիրը, եթե դրանից հետո չփոխվի կարգավորման դինամիկան: «Կարծում եմ, մենք թեւակոխում ենք ղարաբաղյան կարգավորման վճռական փուլ, եւ հակամարտող երկրների ղեկավարությունը պետք է այս տարի կենտրոնանա հենց այդ խնդրի լուծման վրա»,- նշել է քաղաքագետը:

No comments: