Saturday, January 17, 2009

Ադրբեջանը բողոքում է Հայաստանին ռուսական զենքի ենթադրյալ մատակարարման առնչությամբ

«Ազատություն». 16-1-2009- Ադրբեջանի արտգործնախարարությունը երեկ հայտարարությամբ է հանդես եկել` բողոքելով Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինության ենթադրյալ մատակարարման կապակցությամբ: «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը վճռական բողոք է հայտնում` կապված Հայաստանին զենքի փոխանցման հետ, եւ Ռուսաստանին կոչ է անում ձեռնարկել անհրաժեշտ քայլերը` կանխելու համար հետեւանքները», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, ասված է հայտարարությունում: Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության, սպառազինության ենթադրյալ մատակարարումը խախտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսումը կանխելու նպատակով ՄԱԿ-ի ընդունած բանաձեւերը: «Սպառազինության մատակարարումը նպաստում է Ադրբեջանի տարածքի մի մասը օկուպացրած Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը», - հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարությունը: Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, պաշտոնական Մոսկվան Երեւանին է փոխանցել 800 միլիոն դոլարի տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, նռնականետներ եւ ռազմամթերք` Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի միջոցով: Չորեքշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Դրոբիշեւսկին հերքել է ադրբեջանական կողմի պնդումները: «Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարում չի իրականացվել, այդ մասին հաղորդագրությունները իրականությանը չեն համապատասխանում», - ասել է Դրոբիշեւսկին: Հայաստանը նույնպես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունը: Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, մասնավորապես, լրագրողներին հայտարարել է, թե «չի հասկանում` որտեղից կարող էին առհասարակ հայտնվել նման տվյալներ», եւ դրանք «ապատեղեկատվություն» է որակել:

No comments: