Thursday, January 15, 2009

ԴԺՎԱՐ Է ՀԱՍԿԱՆԱԼ, ԵՐԲ ՄԱՐԴ ԳՆՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԻՆ ՀԱԿԱՌԱԿ

«Լրագիր» 14.1.2009- Պաղեստինյան Գազայի 360 ք/կմ տարածքում ապրում է 1,5 միլիոն մարդ: Գազան փաստորեն տնտեսություն չունի եւ ապրում է արտաքին միջոցների հաշվին: Հազայի հատվածում առկա է ահռելի չափերի գործազրկություն, ծայրահեղ ցածր կենսամակարդակ: Սակայն Գազան գոյություն ունի եւ բուռն աճում է, քանի որ հողը գրավելու կամ պահելու լավագույն միջոցը ժողովրդագրական էքսպանսիան է: Հայաստանում, որի մոտ 30 հազար ք/կմ տարածքում ապրում է 3 միլիոն մարդ, թերեւս կարծում են, թե հողը կարելի է պահել հայրենասիրական կարգախոսներով եւ հանդուրժողական քննարկումներով: Նրանցից գրեթե ոչ ոք, ովքեր ակտիվ բանավիճում են այն մասին, որ չպետք է «հանձնել» ազատագրված տարածքները, իրենց պարտավորված չեն համարում եթե ոչ վերաբնակվել այդ տարածքներում, ապա գոնե փող հատկացնել, որ այնտեղ ապրեն ուրիշ մարդիկ: Դա է քաղաքականությունը, ոչ թե դատարկ քաղաքական հայտարարությունները: Առավել եւս, որ դրանք արվում են առանց նախնական վերլուծության: Օրինակ, որոշ հայկական կազմակերպություններ կարող են իրենց թույլ տալ հանդես գալ ի պաշտպանություն պաղեստինյան ժողովրդի, ընդ որում ոչ թե մարդասիրական, այլ իբր քաղաքական տեսանկյունից: Թեեւ, թվում է, քաղաքական իրողությունների եւ սեփական շահերի տարրական վերլուծությունը պետք է հանգեցներ հակառակ քայլերի:Ընդհանրապես, շահ հասկացությունը հայկական աշխարհում լղոզված է ծայրաստիճան: Ոմանք շահը նույնացնում են հանապազօրյա հացի եւ հարստության, ոմանք` ինչ որ մեկի պարտադրած քաղաքական միֆերի հետ, միայն մարդկանց մի փոքր խումբ գիտե իր շահը եւ հասկանում է, թե ինչպես հասնել դրան:Մարդկանց շահերը քիչ են տարբերվում, դրանք նույնքան հին են, որքան աշխարհը` կուշտ կյանքը, հարմարավետությունը, հանգստությունը, արժանապատվությունը պահելու, ազատ մտածելու եւ արտահայտվելու, ստեղծագործելու հնարավորությունը, ընդհանրապես այն ամենը, ինչ գրված է կրոնական գրքերում, ՄԱԿ-ի կոնվենցիաներում եւ այլ փաստաթղթերում, որոնք կարգավորում են մարդկային համակեցությունը: Ցանկացած պետություն հռչակում է կյանքի այդ պայմանների ապահովման կուրս, սակայն ցանկացած իշխանություն ընտրում է իր ճանապարհը` իշխանությունը պահպանելու համար: Մեկը գտնում է, որ կարելի է կառավարել ժողովուրդը, նրան նվազագույն սոցիալական ապահովություն տալով: Ինչպես օրինակ Ղարաբաղում, որտեղ մարդկանց մեծ մասը գոհ է իշխանությունից, որը մի քիչ բարձրացրել է թոշակները, մի քիչ կրճատել կոռուպցիան, ավտոտեսուչներին հրամայել կաշառք չվերցնել, կառուցում է բնակարաններ եւ այլն: Ղարաբաղյան հասարակության համար պարզվել է դա բավարար է, որպեսզի համարեն, որ իրենց շահերը հուսալի ձեռքերում են: Հայաստանում գնացին քաղաքական միֆերի ճանապարհով: Հասարակությունը բաժանվեց երկու մասի, եւ յուրաքանչյուրն իր քաղաքականությունը կառուցում է ի հեճուկս մյուսի: Ինչ շահ ունի շարքային քաղաքացին այդ պայքարում, ոչ ոք չի կարողանում գիտակցել, նույնիսկ չի էլ հարցնում: Քաղաքականությունը վարվում է ավելի «բարձր»` քաղափարախոսական մակարդակում: Բանը հասնում է քաղաքական խաղի, ճիշտ է, դրա զոհ են դառնում մարդիկ: Եւ եթե Ղարաբաղում «շահ» հասկացությունը խցկել են նեղ սոցիալական շրջանակների մեջ եւ դրա վրա են կառուցում քաղաքականությունը, ապա Հայաստանում մարդու «շահն» ընդհանրապես որեւէ առնչություն չունի քաղաքականությանը: Այստեղ նույնիսկ ամոթ է խոսել շահի մասին, քանի որ քաղաքականությունը «սուրբ» բան է: Սակայն այս երկու ծայրահեղությունների միջեւ գոյություն ունի օպտիմալ դիրքորոշում, որը կոչվում է քաղաքացիական: Երբ մարդը հստակ գիտակցում է իր շահը, բայց հասկանում է, որ միայնակ հնարավոր չէ այն ապահովել, որպեսզի իր շահը պաշտպանի, պետք է ազդեցություն ունենա պետական քաղաքականության վրա: Դրա համար ամենեւին պետք չէ իշխանության գալ, պետք է ընդամենն ընտրել նորմալ ղեկավարներ եւ հետեւել, որ նրանք կատարեն իրենց պարտականությունները` ապահովեն յուրաքանչյուրի շահը:Միայն երբ գիտակցվի այդ շահը, չեն լինի անկապ քաղաքական հայտարարություններ, կլինի մեկ քաղաքականություն, որի հիմքում կդրվի քաղաքացիական շահը: Եւ այդժամ ոչ ոք Հայաստանից չի նեղանա այն պատճառով, որ նա դաշինք է կնքել այսինչի կամ խզել պայմանագիրը մյուսի հետ: Որովհետեւ շահը հասկանալի է բոլորին, դժվար է հասկանալ, երբ մարդը գնում է սեփական շահերին հակառակ:ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

No comments: