ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
A1+. 16-1-2009- Հուն?արի 16-ին տեղի ունեցավ յոթ քաղբանտարկյալների գործով դատավարության հետաձգված հերթական նիստը: Դատավորը, արդեն 5-րդ անգամ, նիստը չսկսած այն հետաձգեց՝ քաղբանտարկյալների ոտքի չկանգնելու պատրվակով: Ինչպես եւ նախորդ դեպքերում, դատարանի շենքը շրջապատված էր հազարավոր պիկետավորներով՝ ակնհայտորեն շատ ավելի մեծաթիվ, քան նախորդ դատավարությունների ժամանակ: Նրանք պահանջում էին քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը՝ պահանջ, որ վարչախմբի առջեւ դեռ մեկ ամիս առաջ դրել է նաեւ ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի կոմիտեն իր հատուկ որոշմամբ:
Ի տարբերություն «7-ի գործով» դատավարության նախորդ օրերի, այս անգամ իրեն չափազանց լկտի պահեց ոստիկանությունը: Ոստիկանական շարասյունները, կանխելու համար դատավարության ավարտից հետո դեպի դատախազություն երթը, ակնհայտորեն վերեւից ստացած հրահանգով, հանկարծ հարձակվեցին արդեն հեռանալ պատրաստվող ժողովրդի վրա՝ շուրջկալ կազմակերպելով: Ոստիկանական շարքերին առաջնորդող բարձրաստիճան սպաները առաջին շարքերում անձնական օրինակ էին ծառայում՝ ձեռքերով ու աքացիներով մարդկանց խփելով ու կանանց ներկայությամբ ամենազազրելի փողոցային հայհոյանքներով: Շարքայինները հիմնականում նրանց չէին ընդօրինակում: Հրահանգված «օպերացիան» տեւեց մոտ մեկ ժամ: Ցուցարարներից ոմանք նաեւ թեթեւ մարմնական վնասվածքներ ստացան:
Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է խաղաղ ցուցարաների դեմ իրականացված այս հերթական վանդալիզմը, որ ճշգրիտ ցուցադրում է վարչախմբի հոգեվարքի ցնցումները. ի դեմս բարձրաստիճան ոստիկանների աքացիների ու փողոցային հայհոյանքների:
Դատական նիստը 15 օրով հետաձգվեց ոչ թե դատավարական խնդիրներից ելնելով, այլ ճիշտ այնքան ժամանակով, մինչեւ հայտնի կդառնա ԵԽԽՎ-ի որոշումը Հայաստանի մասին: Այսինքն՝ վարչախումբը դրանով մատնեց ինքն իրեն. նա այդ քայլով ապացուցեց, որ այս դատավարությունը իր համար էլ ոչ թե իրավական պրոցես է, այլ քաղաքական, իսկ ազատազրկվածները քաղաքական բանտարկյալներ են:
Saturday, January 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment