«Լրագիր» 24-8-2009- Իշխանամետ գործիչները բոլորին կոչ են անում միավորվել ազգային խնդիրների շուրջ, այդ թվում ղարաբաղյան կարգավորման: Կարծիքներն այն մասին, թե նման խնդիրների շուրջ անմիաբանությունը թուլացնում է երկիրը, հնչում են ամեն օր: Սակայն ոչ ոք հստակ չի ասում, թե ինչի շուրջ պետք է միավորվել: Իշխող կուսակցությունները, երեւում է, իրենք էլ դա չգիտեն: Իշխանամետ գործիչները մադրիդյան սկզբունքները մեկ որակում են որպես ճեղքում, մեկ էլ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի շուրթերով խոստովանում, որ դրանք Հայաստանի 100 տոկոսանոց զիջումն են: Ընդդիմադիր գործիչները նույնպես չգիտեն ինչ ասել՝ նրանք պնդում են, թե նման ձեւով սկզբունքներն անընդունելի են, սակայն դրանց մեջ առկա փոխզիջումների սկզբունքը միակ հնարավորն է կարգավորման համար: Եւ ինչի՞ շուրջ են առաջարկում միավորվել: Բոլորովս հանձնենք Ղարաբա՞ղը: Թե հավաքվենք ու մտածենք, թե ինչպես այն պահպանենք: Միավորվելու գաղափարը, որ համարվում է կայունության ու ազգային անվտանգության երաշխիք, չնայած իր ծեծվածությանը, հասարակության կողմից չափազանց լուրջ է ընդունվում: Մարդիկ իսկապես չեն ուզում ապակայունություն, եւ դրանից օգտվում են նրանք, ովքեր շահագրգռված չեն ներքին փոփոխություններով: Սակայն վերջին մի քանի ամիսների փորձը ցույց է տալիս, որ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ բացասական արձագանքը, որ հնչել է Ղարաբաղից ու առանձին գործիչների շուրթերից, ամենեւին էլ անկայունություն չի առաջացրել եւ ըմբռնումով է ընդունվել թե Հայաստանում, թե Սփյուռքում: Համենայնդեպս, ոչ ոք առայժմ չի մեղադրել Ղարաբաղին հայությանը պառակտելու փորձի մեջ եւ չի նախատել առ այն, որ նա պաշտպանում է իր իրավունքները: Ավելին, Ղարաբաղի հստակ դիրքորոշումը Հայաստանում առաջացրել է առողջ հասարակական քննարկում: Հնարավոր է, հենց դրա արդյունքն է Շավարշ Քոչարյանի հարցազրույցը, որում նա անուղղակի հրաժարվում է մադրիդյան սկզբունքներից: Ի վերջո, ոչ ոք չի ժխտում, որ ազգային հարցերում պետք է համաձայնություն, սակայն ինչու պետք է այդ համաձայնությունը լինի ազգային շահերին հակասող հարցորում: Եկեք իրապես ազգային սկզբունքներ մշակենք եւ միավորվենք դրա շուրջ:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Tuesday, August 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment