Tuesday, August 25, 2009

Վերսկսելով պատերազմը՝ Ադրբեջանը կլուծի Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցը, ՀՀ ԱԳՆ

Tert.am.24-8-2009-Ղարաբաղյան հակամարտությունում կա երկու հիմնական կողմ. դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է և Ադրբեջանը, որը փորձում էր ուժային ճանապարհով լուծել ինքնորոշված ժողովրդի խնդիրը: Երրորդ կողմը, որին ներքաշել են այս հակամարտության մեջ, Հայաստանի Հանրապետությունն է: Այս մասին Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նա նաև նշել է, որ պաշտոնական Բաքուն ամեն կերպ փորձում է ներկայացնել այս հակամարտությունը որպես հակամարտություն Ադրբեջանի ու Հայաստանի միջև: «Սակայն հակամարտության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստը, իսկ հակամարտությունն առաջացել է Ադրբեջանի ուժային քաղաքականության պատճառով: Ի սկզբանե` ուժային: Կարելի է հիշել հայկական բնակչության ջարդերն ամբողջ Ադրբեջանի տարածքում՝ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ: Դրանք էթնիկական զտումներն են Լեռնային Ղարաբաղի մերձակայքում գտնվող հայաբնակ կետերում: Եվ հենց Լեռնային Ղարաբաղի տարածքում էլ: Վերջապես, դա լայնածավալ պատերազմն է, որ արձակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Այստեղ ներգրավված էին նաև գրոհայիններ, Թալիբանի մոջահեդներ, և, հավանաբար, բոլորին է հայտնի, այնտեղ իր մարտական մկրտությունն է ստացել Շամիլ Բասաևը», - ասել է Շավարշ Քոչարյանը: Խոսելով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին՝ Քոչարյանը նշեց, որ «զենքով անընդհատ Ադրբեջանն է վախեցնում»: «Նրանք հարցը հետևյալ կերպ են ձևակերպում՝ կամ մենք ստանում ենք ամեն ինչ, կամ տարածաշրջանը պատերազմ է ստանում»: ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչը նաև նշել է. «Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի ղեկավարությանը խելամտություն չի հերիքում` չկրկնել այն սխալները, որոնք նրանք արդեն մեկ անգամ թույլ են տվել: Հակամարտության ռազմական փուլը հենց այդ հաշվարկի վրա է կառուցված: Իսկ հաշվարկն այսպիսինն էր՝ նյութական, տեխնիկական ու զուտ մարդկային ռեսուրսների գերակշռումը Ադրբեջանի կողմն էր: Եվ ամեն անգամ, երբ նրանք սկսում էին ռազմական գործողությունների նոր փուլը, նրանք պարտություն էին կրում»: Ինչ վերաբերում է Հայաստանի գործողություններին պատերազմի վերսկսման պարագայում, ապա, Քոչարյանի խոսքերով, նրանք կլինեն նույնը, «ինչ եղան 90-ականների սկզբին»: Ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե արդյոք փոխնախարարին չի թվում, որ «եթե Հայաստանն այսչափ երկար համառի հարցի խաղաղ կարգավորման գործում, Ադրբեջանը շատ արագ կլուծի խնդիրը ռազմական ճանապարհով», Քոչարյանը նշեց. «Նախ՝ այդ դեպքում Ադրբեջանը շատ արագ կլուծի Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցը: Դա միանշանակ է: Երկրորդը` ինչ վերաբերում է հարցի արագ կարգավորմանը, ապա ինձ մնում է միայն հիշեցնել, որ մինչև 1994 թվականը նրանք ամեն անգամ մտածում էին, որ խնդիրը արագ կլուծվի: Մինչ այն պահը, երբ հենց իրենք խաղաղություն խնդրեցին: Եվ եռակողմ խաղաղության համաձայնագիրը, որը կնքված է Ռուսաստանի աջակցությամբ, մինչ օրս գործում է: Կարծում եմ՝ սա ի շահ է բոլոր ժողովուրդներին», - եզրափակել է Քոչարյանը:

No comments: