
Tert.am.24-8-2009- Եթե նախկինում կարելի էր խոսել միջնորդների շրջանում առկա տարաձայնությունների մասին, ապա այսօր այնպիսի տպավորություն է, որ նրանք բավական համահունչ են: Այս մասին Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով` նման համաձայնեցվածության մասին է խոսում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը:
«Ֆրանսիան այս պարագայում կարող է ընկալվել որպես Եվրախորհուրդ»:
Միջնորդների տեսակետը փոխարտգործնախարարը այսպես է նկարագրել.
«Դուք պայմանավորվեք, իսկ մենք երաշխավորը կլինենք»:
Շավարշ Քոչարյանը նաև նշեց, որ հակամարտության չկարգավորման պատճառները պետք է փնտրել ոչ թե միջնորդների, այլ հենց հակամարտող կողմերի մեջ.
«Եթե ավելի կոնկրետ, ապա դա Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է»: Հակամարտության կարգավորման պարտադրման մասին խոսելով՝ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ միջնորդներն առայժմ խուսափում են դիմել այդ քայլին:
Ռադիոկայանի լրագրողներն առաջարկել են տարբերակ դիտարկել, որի դեպքում Հայաստանն ընդունում է Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, իսկ Մոսկվան վերանայում է իր դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ:
Քոչարյանը պատասխանեց, որ մոտ ապագայում հակամարտության նման լուծման տարբերակ նա չի տեսնում:
«Այս դեպքում, երբ խոսքը գնում է պարտադրման մասին, ապա պետք է լինեն ընդհանուր տեսակետներ: Ընդհանուր տեսակետ, միգուցե, կարող է լինել այն դեպքում, երբ վերջապես միջազգային հանրությունը հոգնի Ադրբեջանի քմայքներից»:
Բաքվում բնակվող մենեջերի այն հարցին, թե երբ է Հայաստանը` համապատասխան ՄԱԿ-ի բանաձևի, դուրս բերելու զորքերը Ադրբեջանի տարածքից, փոխարտգործնախարարը պատասխանեց, որ նման պահանջներ ՄԱԿ-ի բանաձևերում չկան:
«Չկան ՄԱԿ-ի պահանջներ, որոնք Հայաստանին պարտադրում են դուրս բերել զորքերը: Կա բանաձև, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ունեցած ազդեցության կիրառման մասին: Երկրորդը` եթե խոսքը գնում է Ադրբեջանի տարածքների մասին, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ, ապա միանշանական կարելի է խոսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների մասին, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»:
Պատասխանելով Ստեփանակերտից ուսանողի՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության չճանաչման մասին հարցին՝ Շավարշ Քոչարյանն իր անձնական կարծիքը հայտնեց՝ նշելով, որ ԼՂՀ անկախությունը պետք էր ճանաչել ամենասկզբում։
«ԼՂՀ անկախության չճանաչումը պայմանավորված էր նրանով, որ ամեն անգամ Հայաստանը մտածում էր, որ քանի դեռ կան միջնորդներ, կա գործընթաց, պետք է այդ բանակցային գործընթացը շարունակվի, և հարկ չկա խստորեն ուրվագծել սեփական դիրքորոշումը։ Երկրորդը՝ իհարկե, մեր խնդիրն այն չէ, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այլ այն է, որ միջազգային հանրությունը ճանաչի այն։ Իսկ իդեալական կլիներ, եթե ԼՀՂ անկախությունը ճանաչեր հենց Ադրբեջանը», - ավելացրել է նա։
«Պետք է համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ, իսկ հետո արդեն խոսել դրանց մանրամասների իրագործման մասին։ Դրա հիմքում երկու հայկական պետությունների համար՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ընկած է մեկ սկզբունք՝ դա ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխիքների առկայությունն է», - ասել է Շավարշ Քոչարյանը։
No comments:
Post a Comment