Thursday, October 8, 2009

ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼ. ՊԱՏՄԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼԸ` ԹՇՆԱՄԱՆՔԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՔԱՅԼ

Թուրքիան առաջիկայում նորից պնդելու է Ցեղասպանության փաստը վերաքննելու իր ժխտողական դիրքորոշումը: Սա անկասկած է, եթե հաշվի առնենք երեկ Ֆրանսպրեսին նախագահ Գյուլի հայտարարությունը: Մասնավորապես, որ այդ հայտարարությունը գալիս է առավել գրգռելու արձանագրությունների դեմ բողոքող հայերի արդեն իսկ դյուրագրգիռ վիճակը: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը օտարերկրացի գիտնականներին կոչ է արել ընդգրկվել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններով նախատեսված` պատմական ենթահանձնաժողովում: «Ամեն տեսակի պնդումներ կան մեկ հարյուրամյակ առաջ տեղի ունեցածի վերաբերյալ: Պարզ է, որ մարդիկ, ովքեր չգիտեն` ինչ է տեղի ունեցել, որտեղ եւ ինչպես, չեն կարող որոշումներ ընդունել այդ հարցով», ըստ «Ազատության» կայքէջիՙ Ֆրանսպրես գործակալությանը ասել է Գյուլը` հավելելով. «Մենք հույս ունենք, որ պատմաբանները, արխիվագետները կուսումնասիրեն այդ խնդիրը, իսկ մենք պատրաստ ենք ընդունել հանձնաժողովի եզրակացությունները»: «Ցույց տալու համար, որ անկեղծ ենք, մենք նույնիսկ ասել ենք, որ եթե որեւէ երկիր հետաքրքրված է այս հարցով, եթե ֆրանսիացի պատմաբաններն, օրինակ, ցանկանում են մասնակցել այդ հանձնաժողովին, նրանց մասնակցությունը կողջունվի», վստահեցրել է Թուրքիայի նախագահը Ֆրանսիա կատարելիք իր այցի նախօրեին Ֆրանսպրեսին տված հարցազրույցում: Գյուլի խոսքերով` պատմական վիրավորանքներին անդրադառնալը Թուրքիայի եւ Հայաստանի տասնամյակների թշնամանքը հաղթահարելու կարեւորագույն քայլերից է: «Եթե ներկայումս շարունակենք ապրել անցյալի խնդիրներով, մենք միայն կթունավորենք ապագան», ասել է Թուրքիայի նախագահը` կոչ անելով «հավասարակշռված» ներկայացնել պատմությունը: «Չպետք է մոռանալ, որ մենք նույնպես շատ ենք տառապել աշխարհի չորս ծագերում, Բալկաններում, Կովկասում: Միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել գաղթել Բալկաններից, Միջին Արեւելքից, Կովկասից Թուրքիա, եւ ճանապարհին նրանց կեսը սպանվել են, մահացել», ասել է Գյուլը: «ԱԶԳ», 08-10-2009

No comments: