Thursday, October 8, 2009

Ադրբեջանում վերջնականապես հիասթափվել են Էրդողանից

Aysor.am. 7.10.2009- Քիշնևում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքը չի կարող անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման կամ արձանագրությունների ստորագրման գործընթացի վրա: Այս մասին «The Wall Street Journal»-ի հետ հարցազրույցում հայտնել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը: «Թուրան» գործակալությունն այս հարցի վերաբերյալ ներկայացրել է ադրբեջանցի վերլուծաբան Զաֆար Գուլիևի վերլուծությունը: Վերջին ժամանակներս Եվրամիության ներկայացուցիչները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և մի շարք գերտերությունների ղեկավարներ բազմիցս հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերությունները Ղարաբաղյան հիմնախնդրի հետ որևէ կերպ առնչություն ունենալ չեն կարող: Չնայած դրան` այս հարցում Անկարան միշտ էլ հանդես է բերել խիստ սկզբունքայնություն, ամեն պատեհ կամ անպատեհ առիթով հայտարարելով, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ու հայ-թուրքական սահմանի բացումը կախված է ԼՂ հիմնախնդրի կարգավորումից, ընդ որում` հատուկ նշելով տարածքային ամբողջականության սկզբունքը: Բազմիցս, Թուրքիան Ադրբեջանին հավաստիացրել է, որ առանց Ղարաբաղյան հիմնախնդրի էական առաջընթացի, հայ-թուրքական հարաբերություններում լուրջ առաջընթաց չի գրանցվելու: Այս ամենը անկեղծ էր թվում մինչ նախօրեին Էրդողանի` «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցը, որտեղ նա հաստատում է, որ Քիշնևում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման կամ արձանագրությունների ստորագրման վրա չի կարող բացասականորեն անդրադառնալ: Հնարավոր է, որ թուրքական կողմը Քիշնևյան հադիպման տապալում է կանխատեսել, ինչի պատճառով էլ ցանկանում է «Ցյուրիխյան գործընթաց»-ը զերծ պահել նմանատիպ մոտեցումներից: Կարելի է փաստել, որ «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցով Անկարան նախանշված 2 կարևորագույն հանդպումներից առաջ վերջակետ դրեց հայ-թուրքական և ԼՂ հիմնախնդրի կարգավորման փոխկապակցվածությանը: Բոլորի համար էլ ակնհայտ է դառնում, որ Թուրքիան Ադրբեջանի գլխի տակ «փափուկ» բարձ էր դրել` Բաքվի կողմից ճնշումները առավելագույնս նվազեցնելու և գործընթացը իր վերջնական հանգուցալուծմանը հասցնելու նպատակով:

No comments: