Thursday, October 8, 2009

«ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ»

«ԱԶԳ», 08-10-2009 - «Ենի շաֆաքը» այդ վերնագրով է անդրադարձել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին պատշաճ մակարդակով հյուրընկալելու համար իրականացվող միջոցառումներին: Ըստ թուրքական թերթի, հոկտեմբերի 14-ին Բուրսայում նշանակված ֆուտբոլային պատասխան խաղի համար նախագահ Սարգսյանին սպասող Թուրքիան անվտանգության արտակարգ միջոցառումներ է իրականացնում քաղաքում: Նախագահ Աբդուլլահ Գյուլը միջոցառումների ընթացքին ծանոթանալու համար Ստամբուլի «Թարաբյա» պալատում ընդունել է Բուրսայի նահանգապետ Հարփութին, քաղաքապետ Աքթեփեին, քաղաքի անվտանգության վարչության պետին եւ պատվիրակության մյուս անդամներին: Ընդունելությանը Գյուլը ներկաներից պահանջել է հյուրին ցուցաբերել «օրինակելի հյուրընկալություն», որպեսզի բարեկամական մթնոլորտում անցնի Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը: Միաժամանակ քննարկվել են այն միջոցառումները, որոնք նպատակամղված են կանխելու Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» գործընթացի դեմ ուղղված քաղաքական կարգախոսների առաջքաշումը: «Ենի շաֆաքի» վկայությամբ, նախագահ Գյուլն ընդգծել է, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի վրա, ուստի կարեւոր է օրինակելի հյուրընկալության ցուցաբերումըՙ հանդիպումը բարեկամական մթնոլորտում անցկացնելու համար եւ զգոն ու պատասխանատու վերաբերմունք է պահանջել բոլորից: Բուրսա քաղաքի պատվիրակության ընդունելությանը որոշվել է «Աթաթուրք» մարզադաշտում Լեռնային Ղարաբաղին առնչվող որեւէ պաստառի բարձրացումն ու Ադրբեջանի դրոշի մուտքը մարզադաշտ արգելելու համար իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ: Պատվիրակության անդամները նախագահ Գյուլին խոստացել են, որ յուրաքանչյուր ոք կանի այն, ինչ կախված է իրենցից, որպեսզի անախորժ միջադեպ տեղի չունենա քաղաքում: Այդ ընթացքում Բուրսայի նահանգապետ Հարփութն ի պատասխան «Ենի շաֆաքի» հարցերին, հիշեցրել է, որ քաղաքում գագաթնակետին են հասել Ադրբեջանի հետ կապված դյուրագրգռությունն ու ազգայնականության պոռթկումը: Այնուհետեւ նա ավելացրել է. «Կարող են լինել այս դյուրազգացությունը շահարկող հատվածներ: Սակայն չպետք է մոռանալ, որ ֆուտբոլային այս հանդիպումը դրական նշանակություն է ունենալու որքան Թուրքիա-Հայաստան հարաբերությունների, այնքան էլ Ադրբեջանի համար: Այդ իսկ պատճառով թույլ չենք տալու Ադրբեջանի դրոշներով մտնել մարզադաշտ: Հարկ եմ համարում Բուրսայի նահանգապետարանի անունից պաշտոնապես հայտարարել այդ մասին»: Նահանգապետը նշել է, որ անվտանգության արտակարգ այլ միջոցառումներ են իրականացվելու Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտում, իսկ տրիբունաներում տեղակայվելու են քաղաքացիական զգեստներով ոստիկաններ: Վերջում նա ասել է. «Նկատի առնելով ֆուտբոլասերների մեջ ազգայնամոլ տարրերի ներթափանցման եւ քաղաքական կարգախոսների բացականչման հավանականությունը, որոշել ենք տրիբունաներում տեղակայել գաղտնի ոստիկաններ, որ ժամանակին միջամտեն եւ կանխեն անցանկալի միջադեպերը»:

No comments: