Monday, November 30, 2009

Լեռնային Ղարաբաղում պետք է վերացնել պատերազմի սպառնալիքը. Կազիմիրով

Tert.am. 30-11-2009- Այսօր ռուս դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը ռուսական «Независимая Газета» թերթում հանդես է եկել «Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին» հոդվածով։ Հիշեցնենք, որ Կազիմիրովը քաջ ծանոթ է խնդրին, քանի որ 1992-1996թթ. եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ։ Հոդվածում նա, մասնավորաբար, նշում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են 17 տարի, սակայն դրանց վերջը դեռ չի երևում։ Բաքվի դեպքում դա կապված է 1991-1994թթ. պատերազմում կրած պարտության բարդույթի հետ, Երևանում՝ ներքաղաքական իրավիճակի բարդության և հայ–թուրքական բանակցությունների հետ, իսկ Ստեփանակերտում այն փաստի հետ, որ ղարաբաղյան կողմը դուրս է մղվել բանակցային գործընթացից։ «Չի կարելի մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը տևեց 2,5 տարի, այն կործանել է գրեթե 30,000 մարդ, 1 միլիոն հայերի և ադրբեջանցիների դարձրել է փախստական։ Նոր պատերազմը դեմ հանդիման կհաներ ոչ թե պարտիզանական ջոկատներ, այլ լավ զինված բանակներ։ Նոր պատերազմը կբազմապատկեր զոհերի և ավերածությունների թիվը, հետ կմղեր երկու երկրները տասնամյակներով», – գրում է Կազիմիրովը։ Ըստ դիվանագետի՝ ուժերի մոտավոր հավասարությունը բացառում է բլիցկրիգն ու մեկի միանշանակ հաղթանակը։ Նույնիսկ կողմերից մեկի գերաշկռությունը կարող է փոխել ճակատային գիծը, բայց չի կարող հանգուցալուծել հակամարտությունը։ Սեփական կորուստներն ու ճնշումը ներսից կվերադարձնեն կողմերը բանակցային սեղանի շուրջ։ Հսկայական ծախսերի գնով՝ նրանք կհայտնվեն իրավիճակում, որը մի քանի անգամ վատը կլինի ներկայինից և որը կպահանջի խաղաղարարների մեծ ջանքեր։ Կազիմիրովն ընդգծում է, որ մարտական գործողությունների վերսկսումը կնշանակեր ղարաբաղյան բանակցությունները 1992թ. վարող ԵԱՀԿ-ի համար բարոյական պարտություն։ «Վերջինիս ներուժը առանց այն էլ կասկածներ է հարուցում, իսկ խաղաղարար առաքելությունը պահպանելու և պատերազմը կանխելու անզորությունը կիմաստազրկի ԵԱՀԿ-ին՝ նման կերպ ստվեր գցելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությանը»։ Բացի այդ, պատերազմը կխարխլեր Հարավային Կովկասի երկրներում պետականության հաստատումն ու առանց այն էլ բարդ ընթացող ժողովրդավարացման գործընթացները։ «Տարրական տրամաբանությունը զրոյացնում է պատերազմի մասին բոլոր տխմար մտքերը։ Այն թույլ չտալու խնդիրը միջազգային հանրության համար ամենակարևորն է առաջիկա տարիներին»։ Այս համատեքստում, ինչպես գրում է հոդվածագիրը, նրան, ով կվերսկսեր ռազմական գործողությունները, հազիվ թե կհասկանային, ավելի շուտ նա կենթարկվեր մեկուսացման ու դատապարտման։ Միևնույն ժամանակ, Կազիմիրովը նշում է, թե դա էլ բավարար չէ։ «Ուժերի մոտավոր հավասարությունը նույնպես լիարժեք երաշխիք չէ։ Պատերազմը կարող է բռնկվել սխալ հաշվարկի արդյունքում՝ իբրև միջադեպի սրում կամ մեկ այլ ճանապարհով։ Կարևորը թույլ չտալ ռազմատենչության դրսևորումներ, չվերագրել դա ներքաղաքական կարիքների։ Քանի որ կողմերը խնդրում են ԵԱՀԿ-ին օգնել հաշտության հասնելու գործում, ապա չպետք է անձամբ դրան խանգարեն։ Կողմերի պաշտոնական ներկայացուցիչների բառապաշարում չպետք է նման բառեր լինեն՝ «պատերազմը դեռ ավարտված չէ. միայն առաջին փուլը», «թշնամի», «պատերազմական ճակատ», «ազատագրված տարածքներ» և այլն»» – նշում է ռուսաստանցի դիվանագետը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեմ են սպառնալիքներին, վտանգավոր միջադեպերին։ Բայց դա միայն դեսպանների մակարդակով, իսկ ԵԱՀԿ բարձր կառույցները լռում են, չեն օգտագործում փակ և բաց աղբյուրները՝ կողմերի վրա ազդելու համար։ ԵԱՀԿ-ն չի ապահովում միակ համաձայնագրի իրականացումը, որը ստորագրվել է իր իսկ հովանու ներքո Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Երևանն ու Ստեփանակերտը մեկ անգամ չէ, որ բացահայտորեն կոչ են արել դրա պահպանմանը։ Բաքուն երկար տարիների ընթացքում դրան չի արձագանքում, չնայած և «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիևը անձամբ հավանության էր արժանացրել այդ փաստաթուղթը 1995թ.։ Այնտեղ ամեն օր նշավակում են հայերին հաշտության խախտման համար, երբեմն էլ խաղաղ բնակչությանը և զինծառայողներին վիրավորելու և սպանելու համար։ Սակայն եթե դա այդպես է, ապա որտե՞ղ են Բաքվի առաջարկները միջադեպերի վերացման դեմ։ Դրանք չկան։ Բնորոշ է նաև այն, որ վերջինս հրաժարվել է միջոնրդների նախաձեռնությունից հեռացնել դիպուկահարներին ճակատային դիրքերից։ Դա լիովին հակասում է երկու համաձայնագրերի էությանն ու բովանդակությանը՝ հրադադարի ռեժիմի հաստատման և խաղաղության մասին։ Այնտեղ ոչինչ չի ասվում դիպուկահարների հեռացման մասին։ Չէ՞ որ նրանք զմայլվում են ոչ թե բնության գեղեցկությամբ, այլ նշանակետի տակ կրակ են բացում։ Ստացվում է, որ միջադեպերը ձեռնտու են լարվածության սրման և թշնամանքի հրահրման համար։ Ցավոք, ոչ ոք դա իր հերթին չի մերկացնում։ Ակամա ծագում է պարադոքսալ, բայց և լուրջ հարց. արդյո՞ք բոլոր կողմերն ի զորու են հետևել իրենց կողմից ստորագրված փաստաթղթերին», – հարց է հնչեցնում Կազիմիրովը։ Նա նշում է, որ Բաքվի կողմից ներկայացվող մի շարք պատճառաբանումներն անհիմն են։ «Ներկայացնել 15 տարվա խաղաղությունը որպես հայերին մեծ զիջում նույնպես անհեթեթություն է։ Հիշեցնեմ, որ Բաքուն երկար ժամանակ չէր ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները, բայց 1994թ. մայիսին ամբողջական փլուզումից խուսափելու համար արդեն ձգտում էր խաղաղության։ Ադրբեջանի գլխավոր հաղթաթուղթը մեր դարում այլ ազգի հողերի գրավման հանդեպ անհանդուրժողականությունն է։ Կարծես, ճիշտ է, բայց ճշմարտությունը հստակ է, այլ ոչ թե վերացական։ Աշխարհը դեռ չի ձերբազատվել պատերազմներից ու գրավումներից՝ երբեմն նույնիսկ մի քանի տարվա տևողությամբ։ Հստակության համար արժե հասկանալ, թե ինչու է ծագել գրավումը, թե ինչու այն չի վերացվել»։ Կարո՞ղ էին արդյոք հայերը գրավել Ադրբեջանի Հանրապետության յոթ շրջանները, եթե 1992թ. Բաքուն ընդուներ Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները դադարեցնել ռազմական գործողությունները։ Փորձելով ուժով հաղթահարել հակառակորդին՝ նրանք անտեսում էին այդ կոչերը և նույնիսկ ՄԱԿ-ի ԱԽ հռչակագրի առանցքային պահանջը։ Ադրբեջանը հաշտեցման չէր գնում և ... կորցնում էր շրջանը շրջանի հետևից։ Վերջինիս ղեկավարության սխալ հաշվարկները թանկ էին նստում ժողովրդի վրա։ Եվ այժմ պահանջելով իր հողերի ազատագրումը՝ Բաքուն անվտանգության երաշխիքներ չի տալիս Ղարաբաղին, նույնիսկ սպառնում է ուժ կիրառել։ Սպառնալիքները բավական առիթներ են տալիս հայերին չլքել, այլ պահպանել և ամրապնդել իրենց ռազմական դիրքերը։ Ինչպես էլ որ դա շոկի չմատներ, անհրաժեշտ է պարտադրել բոլոր կողմերին գալ խաղաղ հաշտության։ Եվ ոչ թե ուժային, այլ փափուկ, քաղաքակիրթ միջոցներով, առաջին հերթին՝ պնդաճակատ և բարոյական ճնշման ներքո։ Բավական արդարացի է, ըստ էության, ոչ թե ճնշման գործադրումը, այլ պատերազմի սպառնալիքի վերացումը»,- մասնավորապես, գրում է Վլադիմիր Կազիմիրովը։

No comments: