Monday, November 30, 2009

ԿՅԱՆՔԻ ԳԻՆԸ, ԿԱՄ ՈՎ է ՌՈՒԴՈԼՖԸ

«Լրագիր» 30-11-2009- Իմ վերջին հոդվածի մեկնաբաններից մեկն այսպիսի հարց առաջ քաշեց. ո՞վ է Ռուդոլֆը: Հարցը ինձ կարևոր թվաց և փորձեցի լուծել այդ հանելուկը: Արդյունքում ստացվեցին այս դատողությունները: Գուցե դրանք անմիջականորեն չեն տալիս հարցի պատասխանը, բայց, կարծում եմ, գոնե կես քայլ մոտեցնում են դրան: Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն էլ տնտեսության ցածր արդունավետությունն է: Եթե իջնենք անհատականությունների մակարդակին, ապա պետք է փաստենք, որ բանվորները վատ են աշխատում, իսկ ձեռնարկատերերը վատ են կազմակերպում: Բայց հիմնական պատճառը նույնիսկ այստեղ չէ: Արդեն բերվել են օրինակներ, երբ գործատուներն աշխատեցնում են համարյա 18 ժամ: Մյուս կողմից, դժվար է պատկերացնել, որ մեր երկրում չի կարելի գտնել համապատասխան ձեռնարկատիրական ունակությունների մարդկանց: Իրադրությունը համանման է քաղաքական ոլորտին: Մեր ընտրողները վատ են, պատրաստ են չնչին գումարով վաճառել իրենց ձայները, իսկ քաղաքական գործիչների տգիտությունը և կոմպետենտության բացակայությունն ակնհայտ են բոլորին: Մի ռուս սոցիոլոգ նկատել է. «Մեզ թվում է, որ մենք չարացած ենք, քանզի վատ ենք ապրում: Իրականում մենք վատ ենք ապրում, քանզի չարացած ենք»: Սա կենսափիլիսոփայություն է. ես /կամ մենք/ լավն ենք, դու /կամ դուք/ վատն եք: Քաղաքականության կամ տնտեսական գործունեության մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում պայմանավորվելու ունակությունը: Ո՞ւմ կարելի է վստահել, ի՞նչ կարելի է սպասել գործընկերներից, որքա՞ն պատասխանատու են նրանք: Արևմտյան տնտեսավարման և քաղաքականության առավելության գաղտնիքը շատ պարզ է. մարդիկ այնտեղ պատասխանատու են իրենց արարքների համար: Հայաստանում գործում է այլ` Օստապ Բենդերի սկզբունքը: Մեծ կոմբինատորը մի անգամ ասել է. «Ոչ ոքի չի կարելի հավատալ, նույնիսկ ինքդ քեզ: Ինձ կարելի է»: Ովքե՞ր են նորօրյա քաղաքական կամ տնտեսական կոմբինատորները, թող որոշի ընթերցողը: «Ամեն մի ժողովուրդ արժանի է այն կառավարությանը, որ ունի»: Վրդովեցուցիչ այս բանաձևը ճշմարտության իր հատիկն ունի: Գործարք կնքելիս տնտեսվարողները, անշուշտ, հաշվի են առնում նախորդ փորձը, տնտեսվարման մեջ առկա սովորությունները: Վերջիններս երկնքից չեն ընկել: Մի կողմից, դրանք կապված են հասարակության մշակույթի, նրա անդամների աշխարհայացքի առանձնահատկությունների հետ: Մյուս կողմից, ակնհայտ է, որ Հայաստանում քաղաքականությունը և տնտեսվարումն իրականացվում են քրեական խաղի կանոններով: Տնտեսագիտության մեջ այն ավելի մեղմ անուն ունի, կոչվում է «օպորտունիստական» կամ «ուխտադրուժ» վարք, երբ տնտեսավարողը հանուն էգոիստական գերշահույթի պատրաստ է խախտել պայմանավորվածությունները: Դեռևս Գ. Սունդուկյանն էր նկատել այդ հանգամանքը, բյուրեղացնելով այն «խափում ինք, ու խափվում ինք» բանաձևում: Նման դեպքում լավագույն ռազմավարությունը մոնոպոլիստ լինելն է. ինքդ ներմուծում ես, ինքդ իրացնում, ինքդ գերշահույթ ստանում, և չկա մեկը, որ քեզ խաբի: Պետք է միայն, որ նման բալագանովների և պանիկովսկիների համար լինի մի Օստապ Բենդեր: Բայց անմտություն է կարծել, որ հայաստանցիների մեծամասնությունը քրեական հակումներ ունի. ավելի շուտ նրանք հակված են ներողամտորեն վերաբերվել «օպորտունիստական» վարքին՝ «մարդը ընտանիք է պահում» բանաձևին ապավինելով: Ավելի կարևոր է ուղու ընտրության գործոնը: Մի որևե պահի, որը կանվանենք «զրոյական», տեղի է ունենում խաղի կանոնների ընտրություն: Այդ պահին որոշվում է, թե ինչ կանոններով է վարվելու խաղը, տեղի է ունենում խաղի ընտրություն: Ընտրված խաղը՝ շաշկի, թե՞ շախմատ, բլոտ, թե՞ ֆուտբոլ, որոշում է հասարակության բնույթը՝ ավազակապետություն, թե՞ իրավական պետություն և այլն: Կարևոր է նաև, թե ովքեր են լինելու խաղացողները, ովքեր՝ հանդիսականները: Հետսոցիալիստական երկրների համար կար կապիտալիզմին անցնելու երեք եղանակ: Առաջինը չինականն էր. կապիտալիզմը «աճում» է ներքևից, իսկ պետությունը «ջրում» և «պարարտացնում» է տնկիները: Երկրորդը հունգարական կամ չեխականն է՝ կապիտալիզմը «կողքից», երբ պետությունը ներգրավում է օտարերկրյա կապիտալներ և տեխնոլոգիաներ, ապահովելով խստագույն օրինականությունը երկրում, բացառելով կոռուպցիան: Երրորդ ուղու տիպիկ օրինակը Հայաստանն է՝ կապիտալիզմը վերևից, երբ իշխանությունը դառնում է կապիտալիստ, իսկ «ներքևները» մնում են ֆեոդալական՝ մոնղոլ-թաթարական կարգերում: «Ներքևինների» առաջընթացի կասեցման համար «վերևինները» իրենց գործիքներն ունեն՝ կոռուպցիա, հովանավորչություն և այլն: Սա ուղու ընտրության արդյունքն է, որ ձևավորվել է բազմաթիվ գործոնների ազդեցությամբ: Սցենարն այսպես եմ պատկերացնում: Խորհրդային տարիներին մասնավոր ձեռնարկատիրությունը քրեական հանցագործություն էր համարվում: Եթե հաշվի առնենք, որ համակարգը նաև նպաստում էր պասիվ, ենթարկվողական վարքին, ապա կարելի է ասել, որ ձեռնարկատիրական կադրերի պակաս կար անկախության առաջին տարիներին: Որտեղի՞ց վերցնել անհրաժեշտ կադրեր: Ընտրությունը մեծ չէր՝ նոմենկլատուրային կաշառակերները և քրեական աշխարհի որոշ ներկայացուցիչներ: Բնակչության մնացած մասը ձեռնարկատիրությանն առնչվում էր այնքանով, որ մանր-մունր գողություններ էր անում իր հիմնարկում կամ ձեռնարկությունում: Ինչ է ձեռնարկատիրությունը և շուկայական տնտեսությունը՝ ըստ էության ոչ ոք չգիտեր, նույնիսկ՝ տնտեսագետները: Իշխողն այն պրիմիտիվ պատկերացումն էր, որ «փողը փող է բերում»: Այս պատճառով ողջ հետխորհրդային տարածքում հիմնական տնտեսական գործունեության ձև դարձավ ձեռնարկությունների և հիմնարկների ունեցվածքի մսխումը և, որը նույնիսկ ավելի կարևոր է՝ վաշխառությունը: Բոլորն իրար փող էին տալիս աներևակայելի տոկոսներով, ստեղծվում էին ֆինանսական բուրգեր: Նույնիսկ դրանց փլուզումը բնակչությանը ոչինչ չսովորեցրեց. բոլորը նետվեցին գնելու վիճակախաղի տոմսեր: Հեռուստատեսությունները, որոնք նախկինում իրենց եթերային ժամանակի մեծ մասը տրամադրում էին ֆինանսական բուրգերի գովազդին, սկսեցին «մասնագիտանալ» վիճակախաղերի ցուցադրության և գովազդի ասպարեզում: Ամփոփելով կարող ենք ասել, որ հետխորհրդային տարածքում բնակչության մեծ մասը համոզված էր, որ փող աշխատել կարելի է միայն արտատնտեսական, զարտուղի ճանապարհներով: Հետխորհրդային տարիներին իշխում էր էյֆորիայի ոգին. մեծամասնությունը սպասում էր, որ շուտով փողերը երկնքից են թափվելու: Իսկ կառավարությո՞ւնը: Հետևելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների խորհուրդներին, նա ընտրել էր պասիվ դիտորդի դերը՝ ամեն ինչ ինքն իրեն տեղը կընկնի: Եթե կա փող, որը վերադարձնել սովորական եղանակով, քանզի դատական համակարգ տնտեսության ոլորտում պարզապես չկա, առաջանում է պահանջարկ ուժային ծառայությունների համար, որը կարող են մատուցել կամ քրեականները, կամ ոստիկանները, որոնք իրենց դիրքը ծառայեցնում են անձնական շահույթ ստանալու համար: Ձևավորվում է մի համակարգ, որը կարելի է անվանել «ռեկետային» տնտեսություն, որտեղ գերիշխող կանոնները վերցված են քրեական աշխարհից: Երկու արժեքային փոփոխություն նպաստեցին տնտեսության մեջ, և ընդհանրապես հասարակությունում այդ կանոնների արմատավորման համար: Մեկը ֆիզիկական ուժի, հատկապես՝ կազմակերպված ֆիզիկական ուժի գերարժեվորումն էր, որ հատկապես ինտենսիվ տեղի էր ունենում չնախագահ Ռ. Քոչարյանի տասնամյակում: Մի օրինակը Գագիկ Ծառուկյանն է, արմռեսլինգի նախկին չեմպիոնը: Մյուսը մշակույթի «կարատեիզացիան» էր: Հավանաբար կհիշեք, որ մի քանի տարի առաջ «պետական սպորտը» ոչ թե շախմատն էր, այլ կարատեն և, համապատասխանաբար, ԶԼՄ-ները փողփողում էին հայ կարատեիստների հաջողությունները բեյրութներում կամ մեքսիկաներում: Չնայած թվում է «պաշտոնական սպորտն» արդեն պաշտոնապես շախմատն է, բայց մեր օլիգարխները՝ գլխավոր ֆեոդալները, շարունակում են առանձնահատուկ վերաբերմունք ունենալ ուժային սպորտաձևերի նկատմամբ: Մյուս արժեքային փոփոխությունը մարդկայն կյանքի, այդ թվում սեփական կյանքի արժեքի նկատմամբ արհամարհանքն է: Թվում է, որ դա կարող է լինել ծանր պատերազմի հետևանք, բայց դա այդքան էլ ճիշտ չէ: Պատերազմը կարող է արժեզրկել մարդկային կյանքը, բայց կարող է նաև արժևորել այն. հիշենք մեր զինվորների նշանաբանը՝ ով զոհվի՝ դավաճան է: Ընդհակառակը, քրեականը պատրաստ է իր կյանքը ռիսկի տակ դնել, եթե նույնիսկ դա անիմաստ է, քանզի միայն ֆիզիկական ուժը և ինքնաձիգը դեռևս բավարար պայման չեն վախ ներշնչելու համար: Արհամարհանքը սեփական կյանքի նկատմամբ նրանց դարձնում է առավելագույնս լկտի և այս վերջինն է, որ առավելագույն վախ կարող է հարուցել շրջապատում: Այս երկու «արժեքները» ամբողջական արտահայտություն են գտել Ռ. Քոչարյանի վարքում, սկսած «իսկական տղամարդու» մասին իր առաջին հայտարարություններից մինչև վերջին սկանդալային հարցազրույցը: Նա չի ձգտում արդարանալ, այլ՝ ահաբեկել: Նա քրեական արժեքների հաստատման առաջամարտիկն է և նրա փիլիսոփան: Մյուս օրինակը հայկական սերիալներն են: Նրանցից մեկի անունը «Կյանքի գինն» է, մարդու կյանքի արժեզրկման պատմություն, կինոնկար,որ պատմում է երկու քրեական գործարարների իրար դեմ անընդհատ հյուսվող մահափորձերի մասին: Տաղտկալի այս ֆիլմն արդեն ձգվում է մի քանի տարի և ավարտը չի երևում. հաշվի առնելով մեր իրականությունը, այն կարող է ձգվել մինչև հավերժություն: Ուժային կամ քրեական հանրությունն ունի իր կանոնները, որոնցից կարևորագույնը ուժի ծառայեցումն է տնտեսական շահերին: Եթե օլիգարխն ուզում է, որ իրեն «մարդատեղ» դնեն, երբեք չպետք է կասկածի վիրավորանքի դիմաց զենք գործադրելու իր իրավունքի մեջ: Առանց այդ համբավի նա լուրջ գործընկեր չի կարող համարվել: Հիշեցնեմ, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում մեր մամուլն այդպիսի բազմաթիվ դիպվածների մասին է պատմել: Սակայն, հարկ է նշել, որ «ռազբորկաները» ավելի շուտ բացառություններ են, քանզի խանգարում են տնտեսական բնականոն գոծունեությանը: Սովորաբար «ուժային տնտեսավարողը» վարում է «խաղաղ բանակցություններ» իր մրցակիցների հետ, ուժային բաղադրիչը դիտարկելով լոկ որպես ռազմավարական ռեսուրս, օգտագործելով որպես սպառնալիք: Խաղի կանոններն արգելում են «բեսպրեդելը», քանզի այդ դեպքում տուժում է «ավտարիտետի» տնտեսական հեղինակությունը՝ նա դառնում է «օտմորոզոկ»: Գոռ Վարդանյանի կինոնկարներում հայկական վերնախավը ներկայանում է որպես «օտմորոզոկների» խառնամբոխ, որի նկատմամբ կարելի է կիրառել արտակարգ միջոցներ: Իրականում մեր «նորմալ քրեական» վերնախավն ինքը ևս շահագրգռված է իր շարքերը «օտմորոզոկներից» մաքրելու մեջ և նրա կինոնկարները ոչ թե «իրական են», այլ օլիգարխների որոշակի սոցիալական պատվերի արտահայտություն: «Քրեական կամ ուժային տնտեսվորողներին» մնացած ժողովրդից տարբերող հիմնական գործոնը ոչ թե «ջիպերն» են, «օխրաննիկները», այլ՝ լեզուն: Նորմալ, առողջ մարդիկ օգտագործում են նկարագրությունները և բացատրությունները հաղորդակցվելու համար: Կա մեկ այլ լեզու՝ հրամանների, սպառնալիքների և խոստումների լեզուն, որը չի նկարագրում, դրա համար այն շատ պրիմիտիվ է, բայց արդյունավետ է՝ փոխում է իրականությունը: Հրամանի հետևանքով մարդիկ են մեռնում, սպառնալիքի հետևանքով մարդիկ փախչում են այլ երկրներ, խոստումների հետևանքով հազարավորները խաբվում են: Փիլիսոփա Ջոն Օստինը սա անվանել է լեզվի պերլոկուտիվ էֆեկտ: Խոսքի և գործողության նույնությունը, ամրագրված յուրատեսակ համբավով՝ «ավտարիտետ», թույլ են տալիս նրանց, ում պայմանականորեն անվանում են «ուժային ձեռնարկատեր», լուծել խնդիրներն առանց ուժի կիրառման, միայն խոսքերի միջոցով: Քրեականը միայն այն ժամանակ է իրական իշխանություն, եթե կարողանում է «հարց լուծել»: Սա Հայաստանում դարձել է նաև աստիճանակարգային և դասակարգային պատկանելություն ցուցիչ: Կան մարդիկ, որոնք շատ փող ունեն, բայց «հարց լուծող» չեն. նրանք «օլիգարխ» չեն: «Հարց լուծելը» դարձել է պրոֆեսիոնալիզմի բարձրագույն արտահայտություն, որի նկատմամբ պահանջները ոչ թե ձևական են, այլ՝ իրական: Ձևականորեն «հարցերը լուծողները» պետական չինովնիկներն են, որոնք վեճերը պետք է լուծեն իրավունքի սահմաններում: Պետականության տապալման ևս մեկ ցուցանիշ այն է, որ պետության փոխարեն «հարցեր են լուծում» քրեականները, այսինքն՝ երբ օրենքը տեղի է տալիս ոչ ձևական կանոններին, որոնց իմաստը ահաբեկելն է: Բուրժուական՝ քաղաքացիական հասարակությունը սկսում է կայանալ, երբ բարձրանում է կյանքի արժեքը և ընկնում ուժի արժեքը: Մարտի մեկի իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանությունների գոյատևման հիմնական ռեսուրսը կյանքի ցածր արժեքն է և ուժի գերարժեքավորումը: Նորմալ հասարակությունում նրանք, ովքեր ցածր են գնահատում կյանքի արժեքը, մեկուսացնում են: Խնդիրն այն է, թե ինչպես մեր դեպքում մեկուսացնել կյանքի գինը արհամարհողներին: ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ

No comments: