Wednesday, December 2, 2009

ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸ՝ ԱԹԵՆՔԻՑ

«Լրագիր» 2-12-2009- Աթենքի հայտարարությունը, որ սպասվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի կապակցությամբ, եղավ: Այն հերթական ու սովորական մի արտահայտություն էր, որի մեջ իհարկե շատ մեծ ցանկության դեպքում կարելի է գտնել Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կամ մոտալուտ կարգավորման նախանշաններ: Բայց այդ նախանշանները թերեւս ոչնչով ավելի չեն, քան ասենք 2005, 2006 թվականների հայտարարությունների ընթացքում եղած նախանշանները: Այդպես, կարելի է հակամարտության կարգավորման ժամանակահատվածի համար հիշել շատ հայտարարություններ, որոնց մեջ նույնպես շատ մեծ ցանկություն ունեցողները գտել են մոտալուտ եւ արագ կարգավորման նախանշաններ, սակայն դրանից անցել են տարիներ: Ինչ որ նոր բաներ, նոր նախադասություններ, նոր երեւույթներ կարծես թե լինում են, գործընթացներ են առաջ գալիս նոր անուններով, կամ հին գործընթացներին նոր երանգ եւ ուղղություն է տրվում: Բայց այդ ամենը վկայում է այն մասին, որ ինչքան որ կան Ղարաբաղի հակամարտության մոտալուտ կարգավորում տեսնելու շատ մեծ ցանկություն ունեցող ուժեր եւ գործիչներ, նույնքան էլ կան չկարգավորման շատ մեծ ցանկություն ունեցող ուժեր եւ գործիչներ: Ու թերեւս այդ գործիչներն ու ուժերը կամ ավելի շատ են, կամ ավելի ուժեղ, որ առ այսօր հակամարտության կարգավորման գործընթացը շարունակվում է, եւ չկա որեւէ համաձայնագիր: Աթենքի հայտարարությունն էլ վկայեց, որ մոտ ապագայում համաձայնագիր չի լինելու, ինչքան էլ որ Բեռնար Քուշները այդպիսի կոչ անի Բաքվին եւ Երեւանին: Քուշները երեւի թե ինքն էլ գիտե, որ Երեւանն ու Բաքուն չեն անսալու այդ կոչին, բայց անում է: Անում է, որովհետեւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում թերեւս վաղուց արդեն կարեւորը, առանցքայինը ոչ թե բուն հակամարտության կարգավորման հարցն է, այլ տարածաշրջանային, մերձտարածաշրջանային, աշխարհաքաղաքական այլ հարցերի քննարկման հարթակի առկայությունը, որի դերը կատարում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ֆրանսիայի համար այժմ կա այդ խմբում իր տեղը պահելու խնդիր, քանի որ բավական երկար ժամանակ է շրջանառվում են Ֆրանսիային Եվրամիությամբ փոխարինելու մասին խոսակցություններ: Մինչդեռ Ֆրանսիայի համար, որը վարում է բավական ինքնուրույն քաղաքականություն եւ հաճախ այդ քաղաքականությունը չի բխում Եվրամիության շահից, շատ կարեւոր է դուրս չմնալ գերտերությունների գործակցության հարմար հարթակ դարձաձ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակից: Այդ առումով, Ֆրանսիան թերեւս շահագրգիռ է երբեմն-երբեմն հանդես գալ նախաձեռնողական կեցվածքով, թեկուզ հայտարարությունների մակարդակում, որպեսզի ցույց տա, որ ինքը Մինսկի խմբի համանախագահների շարքում ավելորդ չէ, դիտորդ չէ: Խնդիրն այն է, որ այդօրինակ հայտարարություններն արվում են առավելապես նկատի ունենալով հենց “հարակից” հարցերը, քան Ղարաբաղի հակամարտության բուն կարգավորումը: Բնականաբար, Ղարաբաղի հակամարտության կարգավորումը էական ազդեցություն կարող է ունենալ հարակից հարցերի կարգավորման համար, իսկ “հարակից” հարցերում էլ ունեցած դիրքը կարող է ազդել Ղարաբաղի կարգավորման գործընթացում որեւէ կողմի համար արդյունք ապահովելու տեսանկյունից: Ահա այդտեղ իսկապես կա խնդիր: Խնդիր այն իմաստով, որ Ղարաբաղի հարցում իրավիճակը Հայաստանի համար շարունակում է մնալ բարվոք, ստատուս-քվոյի պահպանության տեսանկյունից, բայց ահա մթնոլորտի առումով Հայաստանը չի կարողանում շահել թե ստատուս-քվոյից օգտվելու, թե այլ հարցերի միջոցով այդ ստատուս-քվոն ամրացնելու եւ ամրապնդելու հարցում: Թերեւս դա է խնդիրը, որ պետք է լուծեն Հայաստանն ու Ղարաբաղը, Հայաստանի ու Ղարաբաղի էլիտաները: Իսկ այդ խնդիրը առաջին հերթին լուծելի է ներքին կյանքի արդյունավետ կազմակերպման միջոցով: Երկրում անհրաժեշտ է Սահմանադրության եւ օրենքների վրա հենված հասարակարգ, անհրաժեշտ է տնտեսական, քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների կայուն համակարգ, անհրաժեշտ է բիզնեսի եւ իշխանության սերտաճման բացառում: Բայց դա իհարկե անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է, քանի որ այդ ամենից բացի հարկավոր է նաեւ հասարակությանը վերածրագրավորել: Ինչպես որ ավելի քան մեկուկես տասնամյակ առաջ սկսեցին հասարակությանը ծրագրավորել այն մտքի ուղղությամբ, որ մինչեւ Ղարաբաղի հարցում մի բան չզիջենք, մեզ չեն զիջի կարգին ապրելու իրավունքը, այնպես էլ այժմ պետք է հասարակությանը ծրագրավորել, որ կարգին ապրելու իրավունք ոչ ոք ոչ մի ազգի չի զիջում, այլ տվյալ ազգն է որոշում, թե ինքն ինչպես պետք է ապրի: Իսկ այդ որոշման համար Ղարաբաղը ոչ թե խանգարող, այլ նույնիսկ գուցե նպաստող գործոն է, քանի որ կարող է կատարել միավորող, մոբիլիզացնող գաղափարի դեր, քանի դեռ չի գտնվել նորանկախ Հայաստանի համար կենսական որեւէ այլ գաղափար: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: