Wednesday, December 2, 2009

Վիրահայոց թեմը չունի լծակ, որ կարողանա հայկական եկեղեցիները վերադարձնել իրեն

Tert.am. 2-12-2009- Ընդամենը երկու շաբաթ առաջ Վրաստանում փլվեց հերթական լքյալ հայկական եկեղեցին` Թբիլիսիի Մուղնեցոց Սբ Գևորգը։ 1989թ. փլվել էր Հավլաբարի Շամխորեցոց Կարմիր Ավետարան եկեղեցին, իսկ Թբիլիսիի Սբ Մինաս և Սբ Նշան եկեղեցիները վատթար վիճակում են։ Հայկական եկեղեցիների նման ճակատագիրը պայմանավորված է նրանով, որ Հայ առաքելական եկեղեցին իրավաբանական գրանցում չունի, որպեսզի տեր կանգնի իր պատմական ժառանգությանը, իսկ վրացական պետությունն առանձնապես հոգ չի տանում հայկական եկեղեցիները փրկելու մասին` գոնե որպես այդ երկրի տարածքում գտնվող պատմական հուշարձան։ «Վիրահայոց թեմը չունի ազդեցության այնպիսի լծակ, որ կարողանա հայկական եկեղեցիները վերադարձնել իրեն՝ թեմին», – «Կապիտալի» թղթակցին է հայտնել Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ, տեր Նարեկ քահանա Ղուշչյանը։ Նրա խոսքով՝ թեմը վերջին յոթ տարիներին մշտապես բարձրացրել է այս խնդիրը։ «Եկեղեցին իսկապես վթարային էր, սակայն դա չի արդարացնում տեղի իշխանությանը, քանի որ եկեղեցին դարձել է վթարային անուշադրության պատճառով։ Ժամանակին, երբ հնարավոր էր ինչ-որ ձևով վերականգնել և փրկել այն՝ գոնե որպես պատմական հուշարձան, չի արվել։ Փաստն այն է, որ 1989 թ. փլվեց Շամխորեցոց Սբ Աստվածածին եկեղեցին, իսկ այս տարի՝ Մուղնեցոց Սբ Գևորգը։ Ցավալի է, որ չնայած բազմիցս դիմել ենք տարբեր կառույցների, նույնիսկ [Վրաստանի] նախագահին, սակայն չենք ստացել որևէ արձագանք։ Այսօր էլ, ըստ վրացի պաշտոնյաների, խորհրդարանը պատրաստ չէ ընդունել եկեղեցական միավորները ճանաչող կրոնի մասին օրենք։ Նրանք չեն ընդունում օրենք, հայ եկեղեցին էլ չի կարողանում իրավաբանական հենքի վրա խնդիրներին լուծում տալ»,– ասել է Սբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվը։ Ավելի վաղ տարբեր հայտարարություններ էին հնչել, որ մեկ տարվա ընթացքում պետք է վերակառուցվի եկեղեցին։ Սակայն քահանան համոզված չէ, որ վրացական կողմը պատրաստ է մեծ ծախսեր անել վերակառուցելու այն։ «Սբ Գևորգի դեպքում վրացական իշխանությունները սպասեցին, մինչև քանդվեց, ու հիմա խոստումներ են տալիս։ Մի ուրիշ խնդիր էլ կա. եկեղեցին քանդվելուց հետո՝ նոյեմբերի 19-ից ի վեր, Վիրահայոց թեմի բոլոր հոգևորականները և աշխատակիցները գոնե մի քանի անգամ եղել են եկեղեցու մոտ և ուշադրության կենտրոնում են պահում խնդիրը, իսկ Վրաց ուղղափառ եկեղեցուց որևէ մեկը չի գնացել ու չի հետաքրքրվել, չնայած վիճում են, թե եկեղեցին իրենցն է։ Հայաստանում Վրաստանի դեսպանը խոստացել է, որ եկեղեցին վերականգնվելու է։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ էին մինչև հիմա պնդում, թե դա հայկական եկեղեցի չէ, այլ` վրացական», – հավելել է հոգևորականը։

No comments: