Wednesday, December 2, 2009

Արազ Ալիզադե. Չեմ կարծում, որ 7 շրջանների վերադարձը ձեռնտու է Ադրբեջանին

News.am. 2-12-2009- «Չեմ կարծում, որ օկուպացված 7 շրջանների վերադարձը ձեռնտու է Ադրբեջանին»,- նման տեսակետ է հայտնել ադրբեջանցի փորձագետ Արազ Ալիզադեն ու հավելել. «Բոլորը խոսում են, թե ԼՂ խնդրի կարգավորման հարցում մենք առաջ ենք ընթանում: Այդ կապակցությամբ ես մի անեկդոտ եմ հիշում, որտեղ լեյտենանտը համաձայնում է, որ կոկորդիլոսը թռչող զենք է՝ միայն այն պատճառով, որ դա ասել է մայորը, թեեւ լեյտենանտը ոչ մի անգամ թռչող կոկորդիլոս չի տեսել: Նույնն է նաեւ ԼՂ կարգավորման հարցում. Բոլորը խոսում են առաջընթացի մասին, բայց ոչ ոք այն չի տեսնում: Բացի դրանից, ես չգիտեմ որեւէ օրինակ միջազգային պրակտիկայում, երբ պատերազմով վերցված հողերը վերադարձվում են խաղաղ բանակցությունների ճանապարհով»,- ասել է Ալիզադեն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը տեսնո՞ւմ է առաջընթաց ԼՂ բանակցային գործընթացում: Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե իբր հայկական կողմը վերադարձնելու է 7 շրջանները, քաղաքագետն ասել է. «Չեմ կարծում, որ դեպքերի նման ընթացքը ձեռնտու է Ադրբեջանին: Նախ, ոչ ոք 7 շրջանները չի վերադարձնելու, քանի որ չեմ կարծում, որ Հայաստանը Ադրբեջանին կհանձնի Լաչինի շրջանը: Երկրորդ. Հենց որ Երեւանը հետ քաշվի գրավյալ տարածքներից, ենթադրում եմ, որ միջազգային հանրությունը հսկայական ճնշում կգործադրի մեզանից էական զիջումներ ստանալու համար»: Նա նաեւ ընդգծել է, որ մոտ ժամանակներս հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարում չի կանխատեսում:

No comments: