Wednesday, December 2, 2009

ԴԵ, ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԷԼ ՇՈւՄԵՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ

Մոսկվայի պետական համալսարանի գիտնականներն ուշագրավ հետազոտություն են անցկացրել: Նրանք ուսումնասիրել են նախկին Խորհրդային Միության 12 երկրների 187 պատմության դպրոցական դասագրքեր և... սարսափել: Ամփոփիչ եզրակացությունը ռուս գիտնականները շարադրում են այսպես. բացի Բելառուսից և Հայաստանից՝ մյուս բոլոր երկրները երիտասարդ սերնդին մատուցում են «ազգայնացված պատմություն»: «Բացի այն, որ խեղաթյուրված են Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունները, Երկրորդ աշխարհամարտի տարիները, ետպատերազմյան շրջանը` որպես պատմական իրադարձություններ, շատ հաճախ իրականության հետ կապ չեն ունենում պատմության ավելի վաղ շրջանի դեպքերի նկարագրությունները»,- տեղեկացնում է համալսարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսոր Ալեքսանդր Վդովինը: Որպես օրինաչափություն նշվում է այն, որ դասագրքերի հեղինակների մեծ մասն առասպելները նախընտրում է պատմական փաստերից` փորձելով ներկայացնել իր ժողովորդին որպես հնագույն էթնոս` օժտված հատուկ առաքելությամբ: Շատ հաճախ այդ ցանկությունը հասնում է զավեշտի: Օրինակ, մերձբալթյան դասագրքերում զետեղված է «Քարե դարի մարդկանց էթնիկ ծագումը» մի ամբողջ բաժին, իսկ, ասենք, ադրբեջանցիներն իրենց նախնիներին ներկայացնում են որպես շումերների ժամանակակիցներ: Ի դեպ, պատմության նման խմբագրումը հենց այնպես չի արվում. ադրբեջանցիներին նման հնագույն ակունքները թույլ են տալիս պնդելու, որ «Ժամանակակից Հայաստանը ձևավորվել է հին Արևմտյան Ադրբեջանի տարածքում»: Վրացական դասագրքերում որպես «Վրաստանի պատմական շրջաններ» նշվում են Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի ներկա մի շարք տարածքներ: Նախկին խորհրդային երկրների դասագրքերին բնորոշ առանձնահատկություններից մեկն էլ «երդվյալ թշնամու կերպարի» ներկայացումն է, որտեղ ռուսներն ու Ռուսաստանը դժբախտությունների գրեթե միակ աղբյուր են: Այս առումով բացառություն են միայն Բելառուսն ու Հայաստանը: Ուկրաինացի դպրոցականներին լեգենդներ են հրամցնում «Ուկրաինական կազակյան տերության» մասին, որը ոչնչացվել է Ռուսաստանի կողմից: Ինչ վերաբերում է ԽՍՀ Մ շրջանին, այստեղ պատմվում է բռնազավթիչների դեմ ժողովուրդների պայքարի մասին: Ղազախական դասագրքերում, օրինակ, գրված է. «Ղազախ ժողովրդի պայքարը ռուս գաղութարարների դեմ տևել է 18-րդ դարից մինչև 20-րդ դարի 90-ական թվականները »: Մի հատված վրացական դասագրքից. «Պատմական այդ շրջանում խիստ կարևոր է ազգային շարժումը ռուսական գերիշխանության դեմ»: Շատ դասագրքերում աշակերտներին տեղեկացնում են նաև ռուսների իրականացրած էթնիկ զտումների մասին: Բոլոր լավ ու լուսավոր կետերի մասին, որ միավորում էին խորհրդային ժողովուրդներին, նույն այդ խորհրդային շրջանում բարեկամ հռչակված երկրների դասագրքերը լռում են: Հետազոտության հեղինակները վստահ են, որ եթե այսպես շարունակվի, 15-20 տարի հետո 20-րդ դարի իրադարձությունները կմոռացվեն, իսկ այդ բոլոր ժողովուրդների գիտակցության մեջ կամրապնդվի Ռուսատանի` որպես դաժան կայսրության կերպարը, որ տասնամյակներ շարունակ ոչնչացրել է, ճնշել ու ստրկացրել: Պատրաստեց ԱԻԴԱ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ

No comments: