Thursday, December 3, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԸՙ ԿԱՆԱՆՑ ԵՐԿԻՐ

«ԱԶԳ», 03-12-2009- Նոր ժամանակներում կանայք արդարացիորեն պահանջում են երկրի քաղաքական, հասարակական կյանքում իրենց մասնակցության եւ ընդհանրապես իրավունքների մեծացում: Այս հարցերը քննարկվում են վերջին ժամանակներում բավական ակտիվացած կանանց ամենատարբեր միություններում ու կազմակերպություններում: Սակայն անհնար է չնկատել, որ երկրի աշխատաշուկան գրեթե ամբողջովին պահանջում է կին աշխատողների. փաստորեն կանայք Հայաստանում ավելի մեծ հնարավորություններ ունեն աշխատանքի ընդունվելու, քան տղամարդիկ: «Ազգ» -ի հետ զրույցում մայրաքաղաքի աշխատանքի տեղավորման գործակալություններից մեկի տնօրեն տիկին Վարդանյանը նշեց, որ հիմնականում գործատուները պահանջում են կին աշխատողներ. «Կոնկրետ մեզ մոտ տղամարդ-կին աշխատանք փնտրողների տոկոսային հարաբերությունը գրեթե հավասար է, սա այն դեպքում, երբ մի քանի տարի առաջ կանանցից շատ քչերն էին աշխատանք փնտրում», ասաց տիկին Վարդանյանը: «Դիմել եմ գործակալություն եւ մի քանի օր առաջ տեղավորվեցի աշխատանքի սննդի սպասարկման կետում,- «Ազգ» -ին պատմեց 38-ամյա Նարինեն ,- առաջին աշխատավարձից 40 տոկոսը պետք է տամ գործակալությանըՙ ըստ մեր պայմանագրի, սակայն շատ գոհ եմ, որ աշխատանք գտա. ամուսինս չի աշխատում, մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ էր աշխատանք»: Ըստ գործակալության տնօրեն տիկին Վարդանյանիՙ կին աշխատողներ պահանջելու գործատուների ցանկությունը ունի երկու պատճառ. «Նախ, իհարկե, ո՞վ չի ցանկանա, որ իր գրասենյակում կամ օբյեկտում աշխատեն սիրունատես կանայք, այս գործոնը, կարծում եմ, փոքր-ինչ գերիշխող է: Երկրորդըՙ կին աշխատողը շատ ավելի «էժան է նստում» գործատուի վրա, քան տղամարդը. վերջիններս միշտ ավելի մեծ աշխատավարձ են պահանջում: Գործազուրկ, 40-ամյա Վարդանը շուրջ մեկ տարի գրանցված է աշխատանքի տեղավորման գործակալությունում. «Մասնագիտությամբ հաշվապահ եմ, կանեմ գրասենյակային ամեն մի գործ, սակայն հիմնականում, կին են ուզումՙ սիրունատես, երիտասարդ: Եթե այսպես շարունակվի, կարծում եմ, արդեն տղամարդիկ պետք է խոսեն իրենց իրավունքների մասին, այլ ոչ կանայք», իր մտահոգությունները «Ազգ» -ին հայտնեց Վարդանը: Անշուշտ, հաճելի եւ անհրաժեշտ է կանանց ակտիվությունը երկրի քաղաքական, հասարակական կյանքում, կրկնակի հաճելի է կին վարորդների թվի աճը մեզանում (եթե, իհարկե, նրանք վարել գիտեն), սակայն տղամարդիկ, փոխանակ ուղղակի ընդունեն կին-գործընկերոջը իրենց կողքին, կամա թե ակամա, զիջում են իրենց տեղը կնոջը: Իսկապես ժամանակը չէ՞ կանանց իրավունքների հետ խոսելու նաեւ տղամարդկանց իրավունքների մասին: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: