Wednesday, December 2, 2009

Ամո՜թ թուրք երկերեսանիներին: Գյուլն ու Էրդողանը մոռացել են իրենց պատմությունն ու Եվրոպային ժողովրդավարություն են սովորեցնում

News.am. 2-12-2009- Անհնար է առանց հիացմունքի նայել այդ երկու թուրք «հումանիստների», ժողովրդավարական շարժման, հայերի, քրդերի ու հույների հետ հաշտեցման «առաջամարտիկների»՝ Թուրքիայի նախագահ եւ վարչապետ Աբդուլահ Գյուլի եւ Ռեջեփ Էրդողանի «պարզամիտ եւ անկեղծ» դեմքերին: Ինչպես են նրանք վրդովվում, որ Շվեյցարիայի քաղաքացիները հանրաքվեի արդյունքում որոշել են դադարեցնել մինարեների կառուցումն իրենց երկրում: «Ամո՜թ»,- բացականչում է Գյուլը, «Ֆաշի՜զմ» հավելում է Էրդողանը: Իհարկե, «արյունարբու, մարդատյաց» շվեյցարացիները նեղում են խեղճ մահմեդականներին, որոնց ուզածն ընդամենը մի քանի մինարե է: Ինչպե՞ս չվրդովվել: Մյուս կողմից Գյուլն ու Էրդողանը, որ արդեն տասը տարի է կառավարում են Թուրքիան, միայն պատահաբար է, որ չեն տեսել, թե իրենց երկրում՝ Թուրքիայում, հանված են հնագույն հայկական եկեղեցիների խաչերը: Ավելին, հանվել են եկեղեցիներից, որոնք պատկանել են այդ երկրում դարերով ապրած ժողովրդին, ի տարբերություն իրերի բերումով Եվրոպայում հայտնված մահմեդականների, որ ընդամենը վերջին տասնամյակներում են ողողել Շվեյցարիան: Վանա լճի Աղթամար կղզու եկեղեցու վրա խաչ դնելն այսօր մեզ ներկայացնում են որպես մեծագույն բարեգործություն: Հետն էլ մտածում են՝ թույլ տա՞լ, թե՞ ոչ եկեղեցական արարողություններ: Գյուլն ու Էրդողանը, հավանաբար, չգիտեին, որ Աղթամարի խաչը հանել են ոչ թե հանրաքվեի, այլ այդ տեղերում ապրած եւ եկեղեցի այցելած մարդկանց ֆիզիկական ոչնչացման ու տեղահանման արդյունքում: Նրանք տաս տարի անց են միայն հիշել, որ խաչը կարելի էր եւ թողնել: Չէ որ այդտեղ ապրող բնիկ ժողովուրդն այլեւս չկա, իսկ զբոսաշրջությունը զարգացնելու համար խաչով եկեղեցին ավելի գրավիչ կլինի։ Էրդողանն ու Գյուլը դեռ չեն հասցրել տեսնել Անիի ավերակները, հարյուրավոր ոչնչացված եկեղեցիներն ու վանքերը: Նրանք չեն նկատել, որ իրենց նախորդները՝ ժողովրդավարության նույնպիսի «առաջամարտիկներ», մարդկության առջեւ հանցանքներ են կատարել, որից մաքրվել չեն կարողանում անգամ իրենց թոռները: Եւ այդ մարդիկ իրենց իրավունք են վերապահում խոսել եվրոպական ժողովրդավարության մասին, որի ճնշման տակ է, որ այսօր ստիպված են վերանայել իրենց քաղաքակրթության արարմունքները, նորանոր դիվանագիտական խորամանկություններ մտմտալ՝ իրենց բարբարոսական պատմությունը թաքցնելու համար, վերադարձնել խաչերն ու փոխել օրենքները: «Ամո՜թ»,- կասենք մենք եւ հարյուր անգամ ավելի ճիշտ կլինենք: Արմեն Գեւորգյան

No comments: