Wednesday, December 2, 2009

ՁՈՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ

«Լրագիր» 2-12-2009- Հայաստանում նրանք ներդրեցին մշակութային բազմազանություն, սովետահայերին պատվաստեցին կապիտալիստական ձեռներեցություն, օգնեցին նրանց վերադարձնել ազգային ոգին, դառնալ նախաձեռնող Արտասահմանյան փորձագետները նշում են, որ Հայաստանը մոնոազգային պետություն է, ինչը խոչընդոտում է այլ մշակույթների ներթափանցմանը: Այլազգիների այդ առաքելությունը մեզ մոտ իրենց վրա են վերցրել սփյուռքահայերը, որոնք իրենց բնակության երկրների մշակույթների կրողն են հանդիսանում: Ինչպես վկայում են տարեցները, մինչև Հայրենական պատերազմը Հայաստանը համարյա ոչնչով չի տարբերվել մնացած խորհրդային հանրապետություններից, որովհետև ստալինյան մամլիչը վարում էր ազգերի և անձերի համահարթեցման քաղաքականություն: Հայաստանցիները նույնքան ոչ ձեռներեց էին, ոչ նախաձեռնող և աշխարհից կտրված, որքան սովետական մյուս ժողովուրդները: Հայաստանցիները փոխվեցին Մեծ Հայրենադարձությունից հետո, երբ հայրենիք վերադարձած Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ պետությունների քաղաքացիներ իրենց հետ բերեցին այդ երկրների մշակույթները, լեզուները, սովորույթները և, ամենակարևորը, ձեռներեցության ոգին: Նրանք արթնացրին “քնած” հայաստանցիներին: Հայրենադարձների մի մասը համաձայն չէր կատարել ձանձրալի աշխատանք սովետական գործարաններում և վաստակել կոպեկներ: Եվ հայտնվելով իրենց համար չափազանց անհասկանալի և դաժան երկրում, նրանք իրենց ձեռներեցության և “ոսկի ձեռքերի” շնորհիվ կարողացան ստեղծել որոշ չափով կապիտալիստական իրենց աշխարհը` ներքաշելով այնտեղ բազմաթիվ տեղացիների: Իրենց տներում նրանք կարում էին շոր և կոշիկ, պատրաստում կահույք ու բաստուրմա, թխում արևելյան քաղցրավենիք, սովորեցնում օտար լեզուներ և այլն: Նրանք իրենց հետ բերեցին եվրոպական նորաձևությունը, իրենց երկրների երաժշտությունը, խոհանոցը: Հայաստանցիները սկսեցին օգտագործել ձիթապտուղ, սև սուրճ, տոմատի մածուկ, այլ մթերքներ ու ճաշատեսակներ: Սկսեցին հետևել երաժշտության և հագուկապի նորություններին, քանի որ սփյուռքահայերին շուտով հաջողվեց պատուհան բացել “երկաթե վարագույրում”: Ստալինի մահից հետո առաջինը դա հաջողվեց անել Ֆրանսիայից եկած հայերի ազգությամբ ֆրանսիացի կանանց: Նրանք տեղեկացան, որ Մոսկվա է ժամանելու Ֆրանսիայի այն ժամանակվա արտգործնախարար Քրիստիան Պինոն և ԽՍՀՄ մայրաքաղաքում հաջողեցրին նրա մեքենայի մեջ նետել նամակներ, որտեղ բողոքում էին, թե իրենց չեն թողնում վերադառնալ հայրենիք, մինչդեռ իրենք ֆրանսիացիներ են: Պաշտոնական Փարիզի միջամտությունից հետո այդպիսի ընտանիքներին թույլ տրվեց վերադառնալ Ֆրանսիա: Մոսկվան թույլատրեց նաև կապեր հաստատել Հայաստանում բնակվող ֆրանսահայերի և Ֆրանսիայում գտնվող նրանց ազգականների միջև: Եվ, ի տարբերություն սովետական մյուս ազգերի, հայաստանցիները հնարավորություն ստացան հետևել ֆրանսիական մշակութային նորություններին և նորաձևությանը: Այդ հետաքրքրությունը թեժացնում էր այն, որ Ֆրանսիայում էին բնակվում և ստեղծագործում մեր բազմաթիվ հայրենակիցները, օրինակ, Շարլ Ազնավուրը: Արդյունքում, հայաստանցիները դարձան ԽՍՀՄ ամենաֆրանկոֆոն ժողովուրդը: Հունաստանից եկած հայերն, իրենց հերթին, տարածում էին հունական մշակույթը, հատկապես` երաժշտությունը: Ավելի ուշ կապեր հաստատվեցին նաև Ամերիկայի հայերի հետ, և հայաստանցիները հնարավորություն ստացան ծանոթանալու նաև ԱՄՆ մշակույթի հետ: Առավել ևս, որ այնտեղ էլ ապրում էին մեր աշխարհահռչակ հայրենակիցները, օրինակ, Վիլյամ Սարոյանը: Եգիպտոսից, Սիրիայից, Իրանից և Արևելքի այլ երկրներից եկած բազմաթիվ հայրենադարձները նույնպես ներմուծեցին իրենց երկրների մշակույթները: Հայրենիք ներգաղթած սփյուռքահայերի կողմից ներդրված մշակութային բազմազանությունը և կապիտալիստական ձեռներեցության ոգին ուժեղ խթան հանդիսացան, որ Հայաստանը տարբերվի մյուս հանրապետություններից և բուռն վերելք ապրի: Դրա շնորհիվ էր նաև, որ Հայաստանում կյանքի մակարդակը ամենաբարձրն էր ԽՍՀՄ-ում: Հայաստանի համեմատաբար բարգավաճ վիճակը ձգում էր սովետական մյուս հանրապետություններում ապրող հայերին, որոնք գալով և բնակվելով Հայաստանում` իրենց հետ բերում էին նաև ԽՍՀՄ ժողովուրդների մշակույթները: Երբ Հայաստանն անկախացավ, սփյուռքահայերի դերը հայաստանյան կյանքում մեծացավ: Նրանք էին, որ օգնության հասան երկրաշարժից և պատերազմից տուժած իրենց հայրենակիցներին, նաև դրդում էին իրենց երկրների կառավարություններին` աջակցել նորանկախ Հայաստանին: Սփյուռքահայ երիտասարդները հրաժարվում էին իրենց հանգիստ և բարեկեցիկ կյանքից և գալիս էին Հայաստան ու Ղարաբաղ` զենքը ձեռքին պաշտպանելու համար հայրենիքը: Շատերն իրենց կյանքը նվիրեցին Ղարաբաղի ազատագրման գործին: Իսկ Մոնթե Մելքոնյանի դերն այդ պատերազմում անգնահատելի է: Մյուսները, օրինակ, բժիշկները, տարին մի քանի անգամ այցելում էին Հայաստան և փրկում էին տեղացիներին, նաև Արևմտյան փորձը փոխանցում իրենց հայաստանցի գործընկերներին: Այդ նրանց շնորհիվ է նաև, որ մեր կյանքում այսօր օգտագործվում են Արևմուտքի նորագույն տեխնոլոգիաները: Եթե չլիներ սփյուռքահայերի օգնությունը, տասնամյակներ կպահանջվեին, մինչև որ մեր մասնագետները կկարողանային ձեռք բերել այսօրվա իրենց ունեցած նորագույն հմտությունները: Անգնահատելի է նաև սփյուռքահայ մեծահարուստների աջակցությունը Հայաստանին` սկսած Գալուստ Գյուլբենկյանից, վերջացրած Քըրք Քըրքորյանով: Սփյուռքից հայրենիք վերադարձած մեր հայրենակիցները ժամանակին օգնեցին հայաստանցիներին դառնալ նախաձեռնող և ձեռներեց, վերադարձնել ազգային ոգին: Այսօր ևս սփյուռքահայերը կարևոր առաքելություն ունեն: Երկար տարիներ ապրելով Հայաստանից դուրս, նրանք երազել են հայրենիքի մասին, կարոտել ու պաշտամունքի առարկա են դարձրել ամեն ինչ, ինչը որ հայկական է: Բազմաթիվ հայաստանցիներից նրանք տարբերվում են հենց դրանով` իրենց վերաբերմունքով դեպի Հայաստանն ու հայկականը: Մինչդեռ հայրենիքում դժվարություններ, անարդարություններ ու դառնություններ տեսած, հիասթափություններ ապրած շատ հայաստանցիների համար դա այդպես չէ: Անգամ նրանց համար, ովքեր արդեն իսկ հեռացել են Հայաստանից ու դարձել նորաթուխ սփյուռքահայեր: Ահա թե ինչն է այսօր տարբերակում սփյուռքահայերին որոշ հայաստանցիներից: Եվ ինչ մշակույթ է մնացել, որ սփյուռքահայերը պետք է օգնեն վերականգնել Հայաստանում: Որպեսզի կյանքից և իշխանություններից ունեցած իրենց հիասթափությունները հայաստանցիները չտարածեն հայրենիքի վրա, նորից հավատան նրա ապագային և հպարտ լինեն, որ հայ են: Քանի որ երազանքներն ու պատկերացումներն ունեն նյութականանալու հատկություն: Ինչպես որ մենք վերաբերվում ենք Հայաստանին և հայկականին, մեզ շրջապատող հայերին, ինչպիսի հայրենիք որ պատկերացնում ենք, այդպիսին էլ կունենանք: ԳՐԻԳՈՐ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ

No comments: