Thursday, December 3, 2009

ՓԱԿՈւՂԻ. ՄԵՆՔ ԱՍՈւՄ ԵՆՔ «ԿԱՐԳԱՎԻՃԱԿ», ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ՝ «ՏԱՐԱԾՔ»

Report.am. 2-12-2009- Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը և ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանն այսօր «Հայելի» ակումբում բանավիճում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ: Հնչած դիտարկմանը, ըստ որի ՀՀ իշխանությունները բանակցում են մի փաստաթղթի շուրջ (Մադրիդյան սկզբունքներ), որով պետք է առնվազն 5, հետո 6 շրջան վերադարձվեն Ադրբեջանին, Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ Մադրիդյան սկզբունքներում Ղարաբաղի շրջակա 6 շրջանները վերադարձնելու մասին խոսք չկա, հիշեցնելով, որ Մադրիդյան սկզբունքները դեռևս չեն վերահաստատվել և չեն ստորագրվել, գտնվում են համաձայնեցման փուլում: «Կարևորում եմ, որ այդ փուլում հարցը պետք է քննարկվի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման իրավունքի հիման վրա»,- նշեց Գագիկ Մելիքյանը, վստահեցնելով, որ «տարածքներ փոխանակել` ինքնորոշման փոխարեն» հարց երբեք չի քննարկվել և այս պահին չի կարող քննարկվել: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ Մադրիդյան սկզբունքները կներկայացվեն հաստատման: «Այս պայմաններում երանի մեզ»,- նկատեց Արման Մելիքյանը,- «Ամեն ինչ մեր ուզածով է: Ադրբեջանն ինչո՞ւ է գալիս բանակցելու, հասկանալի չէ»: Հանրապետականի հակադարձումը. «Բայց դա, իհարկե, չի նշանակում, թե Ադրբեջանը չի պահանջում այդ տարածքները»: Խնդիրը համարելով ոչ միայն ներկա իշխանություններինը` Արման Մելիքյանը նշեց, որ Հայաստանը տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ մշակել իր սեփական արտաքին քաղաքականությունը. «Մերոնք ասում են` կարգավիճակ, ադրբեջանցիներն ասում են` տարածք: Սա փակուղի է: Իսկ եթե հաղթահարել ենք այս փակուղին, ուրեմն մեզ համար լավ չէ»,- նկատեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը, հավելելով, որ բանակցություններն ընթանում են որոշակի պարտադրված շրջանակներում, որտեղ մեզ համար շահեկան ելքեր չկան. լավագույն դեպքում ելքը տարածքային զիջումներն են Ադրբեջանին, վատագույն դեպքում` տարածքային զիջումներն են` առանց Ղարաբաղի կարգավիճակի: Իսկ ամենասարսափելի տարբերակը, ըստ Արման Մելիքյանի` կլինեն զիջումներ առանց Ղարաբաղում հայության պահպանության, չկանխելով նաև պատերազմի վերսկսման վտանգը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` Արման Մելիքյանը կարծիք հայտնեց, որ գործընթացը ո՛չ ՀՀ-ի, ո՛չ ԼՂՀ-ի համար շահավետ չէ, պարունակում է ոչ հայանպաստ նախապայմաններ, իսկ պաշտոնական մակարդակներում համապատասխան քաղաքականություն մշակված չէ: Արման Մելիքյանը նշեց, որ Հայաստանը միջազգային հանրության կողմից դիտվում է որպես ագրեսոր պետություն: Այս հարցում Գագիկ Մելիքյանը չհամաձայնեց, նշելով, որ միայն Ադրբեջանն է Հայաստանին համարում ագրեսոր. «Պարտադրված պատերազմում Հայաստանը պետք է պաշտպաներ Ղարաբաղի շահերը, և այդպես էլ եղել է։ Ղարաբաղը պատերազմում հաղթել է և 20 տարի է՝ իրացրել է իր ինքնորոշման իրավունքը: Որևէ մեկը չի կարող իր տարածքում ապրող ժողովրդին գաղութացում պարտադրել և դա, առավել ևս 21-րդ դարում, հնարավոր չէ»: Արման Մելիքյանը նշեց, որ վերջին գործընթացներում չի շեշտվում հայ փախստականների հարցը։ Գագիկ Մելիքյանը չհամաձայնեց: Արման Մելիքյանը փաստեց, որ Հայաստանում փախստականների հանդեպ ինտեգրման քաղաքականություն է վարվել թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ միջազգային կազմակերպությունների կողմից. «Ամեն ինչ արվում էր, որպեսզի ադրբեջանահայ փախստականները երբեէ ձայն չբարձրացնեին հօգուտ իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու կամ կրած կորուստների և վնասների դիմաց նյութական պահանջներ ունենալու»: ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

No comments: