Thursday, December 3, 2009

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ԱՌԱՆՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ Է ՀԱՍՆԵԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

«Լրագիր» 3-12-2009- Վաղուց է եկել ժամանակն առաջ գնալու դեպի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում: Ներկայում բանակցություններն ընթանում են մադրիդյան սկզբունքների շուրջ, եւ երբ համաձայնություն լինի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, հարկ կլինի պայմանագրի նախագծի պատրաստման, որը բավական ժամանակատար գործընթաց կպահանջի: Ինչպես հաղորդում Է Արմենպրես-ի թղթակիցը Աթենքից, այս մասին ասել Է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 17-րդ նիստի շրջանակներում լրատվամիջոցների հետ ճեպազրույցում: ՙՆերկայումս քննարկվում են ՙմադրիդյան՚ փաստաթղթի բազմաթիվ սկզբունքներից միայն մի քանիսը: Դիրքորոշումների որոշ մոտեցում առկա է որոշ կետերի վերաբերյալ, որը չի կազմում անգամ մեկ երրորդը: Դա երկար ճանապարհ է, բայց մենք տրամադրված ենք գնալ այդ ճանապարհով` պահպանելով այն դրական դինամիկան, որն արձանագրվել է վերջին շրջանում երկու նախագահների հանդիպումների շնորհիվ՚,-նշել է նախարարը: Բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպվել նախագահական մակարդակով, հնարավոր են այլ հանդիպումներ նաեւ ապագայում, եւ դա վկայություն է, որ բանակցություններն ընթանում են այն ճանապարհով, որը թույլ է տալիս բանակցությունները շարունակել: ՙԲանակցություններում արձանագրվում է դրական միտում: Եթե կողմերը դիրքորոշումները մոտեցրել են երկու հարցի շուրջ, դա էլ է դրական միտում: Միգուցե, հնարավոր լինի, շարունակելով հանդիպումները, գալ պայմանավորվածության սկզբունքների շուրջ՚,-նշեց Է.Նալբանդյանը: Բանակցային գործընթացի հետագա շարունակության առումով, ըստ նրա, կոնկրետ պայմանավորվածություն չկա, բայց համանախագահները ծրագրում են մոտակա ժամանակահատվածում նորից այցելել տարածաշրջան: Չկա հանդիպում, որ մենք չկարեւորենք Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը բանակցություններին: Առանց հիմնախնդրի բուն կողմի` ԼՂ-ի մասնակցության անհնար է հասնել պայմանավորվածությունների: Խնդիրը Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է, Հայաստանը փորձում է օգնել այդ գործընթացին լուծումներ գտնել,-ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը: Անդրադառնալով նախարարական հավքի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարի ելույթին` Է.Նալբանդյանը նշեց, որ Է.Մամեդյարովը եւս մեկ անգամ փորձեց խեղաթյուրել թե հիմնախնդրի, թե բանակցությունների էությունը: ՙՄի երկիր խախտում է պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել ԵԱՀԿ տարածաշրջանում, եւ այն ռազմատենչ հայտարարությունները, որոնք լսվում են Ադրբեջանի կողմից, կասկածի տակ են դնում նրանց մտադրությունները: Նրանք փորձում են խեղաթյուրել եւ հիմնախնդրի, եւ բանակցությունների էությունը: Իսկ այն, ինչ մենք ենք միշտ հայտարարում, երբեւէ չի հակասել նրան, ինչ ասում են միջնորդները` եռանախագահող երկրները՚,-նշեց ՀՀ ԱԳ նախարարը: ՙԱմիսներ շարունակ մենք ասում էինք, որ բանակցում ենք մադրիդյան սկզբունքների հիման վրա, Ադրբեջանը պնդում էր, որ այդպիսի սկզբունքներ եւ այդպիսի փաստաթուղթ չկա: Այնպես ստացվեց, որ կա այդ փաստաթուղթը, որի հիման վրա ներկայումս վարվում են բանակցությունները: Այն արձանագրվել է թե ՙմայնդորֆյան՚, թե հելսինկյան հայտարարությունների մեջ: Նախարարական 17-րդ նիստի շրջանակներում համանախագահող երկրների ներկայացուցիչների, Հայաստանի ու Ադրբեջանի երեկվա ընդունած հայտարարության մեջ առաջին անգամ ոչ միայն համանախագահող երկրների, այլեւ հենց Ադրբեջանի կողմից հաստատվեց ինքնորոշման իրավունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները: Դա հատկապես խորհրդանշական է վերջին շրջանում հնչեցված բավական տարօրինակ. ռազմատենչ եւ պատերազմի նախապատրաստման ոճով արված հայտարարությունների ֆոնին՚,-նշեց ԱԳ նախարարը: Է.Նալբանդյանը նախարարական իր ելույթում եւս ընդգծեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը խեղաթյուրում է ճշմարտությունը, եւ Ադրբեջանը դեմ է հանդես գալիս ու հակադրվում է եվրոպական արժեքներին: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն իր ելույթում հիշատակել էր իբրեւ թե ՙմոտ մեկ միլիոն տեղահանվածների եւ փախստականների՚, եւ որպես Ադրբեջանի համար խնդրի լուծման ընդունելի տարբերակի` Լեռնային Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակի շնորհման մասին: Նա նաեւ նշել էր, որ ԼՂ հակամարտությունը տարածաշրջանում անկայունության լուրջ աղբյուր է` նկատելի համարելով նախագահների հանդիպումների ինտենսիվությունը, չհամաձայնեցված հարցերի առավել խորությամբ քննարկումը: Ըստ նրա` արձանագրվում է դրական դինամիկա վերջին բանակցություններում: Դրական է գնահատվում նաեւ այն հանգամանքը, որ Մինսկի խմբի համանախագահող երկրների վերջին հայտարարությամբ փորձ արվեց առավել թափ հաղորդել բանակցություններին: Ուշագրավ է, որ միաժամանակ նա Ադրբեջանի հավատարմությունն էր ընդգծել Հելսինկյան եզրափակիչ ակտին: ՙԱյն մեր բոլոր պարտավորությունների հիմքն է հանդիսանում: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ խնդիրների լուծումը ոչ միայն քննարկում է ենթադրում, այլ` քաղաքական կամքի արտահայտում՚,-ասել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը:

No comments: