Thursday, December 3, 2009

ԼԱՎՐՈՎԻ ԱՍԱԾՆ ԱԹԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ

Ըստ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանի«ԱԶԳ», 03-12-2009- ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը երեկ ՄԱԱ-ում, անդրադարձ անելով Աթենքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն մտքին, թե ԵԱՀԿ տարածքում բոլոր հակամարտությունների լուծումը պետք է լինի նույն սկզբունքների հիման վրա, դա համարել է հետաքրքրական հայտարարություն, ասելով, թե պետք է հետեւել` արդյո՞ք հետեւողական է լինելու այս առումով ՌԴ-ն. Ռուսաստանի համար պիտի որ նախընտրելի լիներ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրների լուծումը Կոսովոյի կարգավիճակի հետ զուգորդված սկզբունքներով: Ըստ Մինասյանի` աջակցություն ստանալու դեպքում ռուսական կողմի այս նախաձեռնությունը լրացուցիչ հնարավորություն է` ղարաբաղյան հակամարտության լուծման համար: Իսկ հայ թուրքական գործընթացն, ըստ Գ. Մինասյանի, ընթանում է կարծես հայկական սցենարով, որը կրկին մեկ անգամ էլ Աթենքում, ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի ժամանակ արձանագրվեց, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն արեցին, թե հակամարտության լուծումը տեսնում են հելսինկյան եզրափակիչ ակտի 3 հիմնարար սկզբունքներով, թեեւ այդ սկզբունքները միշտ քննադատվել են Ադրբեջանում: Փաստորեն, ըստ Մինասյանի, ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը համակերպվի ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի իրականացման հետ: Եվ իրատեսության այս պաշարի դեպքում միայն տեսանելի ապագայում կարելի կլինի բանակցային գործընթացի ավարտ ակնկալել: Հայկական կողմը հաճախ է խոսում, որ ողջամիտ ժամկետներում արձանագրությունները Թուրքիայի չվավերացման դեպքում վարվելու է միջազգային նորմերին համապատասխան, վերջապես ո՞րն է այդ խելամիտ ժամկետը. Գ. Մինասյանը կարծում է` եկող տարվա առաջին ամիսները:

No comments: