Thursday, December 3, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԼՂ ՀԻՄՆԱՀԱՐՑԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՉԻ ԵՂԵԼ

ԱԹԵՆՔ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան):Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավուդօղլու հանդիպման ժամանակ խոսվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արձանագրությունների վավերացման գործընթացների մասին: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին անդրադարձ չի եղել: Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 17-րդ նիստի շրջանակներում լրատվամիջոցների հետ ճեպազրույցում: ՙԿարիք էլ չկար մտնել մանրամասն քննարկումների մեջ Լեռնային Ղարաբաղի հարցում, քանի որ երկու գործընթացները միմյանց հետ կապել չի կարելի՚,-ասաց նախարարը: Նա ԵԱՀԿ նախարարական հավաքում ունեցած իր ելույթում եւս ընդգծեց, որ ԼՂ հիմնահարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացները կապելը կարող է միայն վնաս հասցնել թե մեկ, թե մյուս գործընթացին: ՙՄենք դա ասում ենք բոլորին, այդ թվում` թուրքերին: Դա միայն մեր կարծիքը չէ, դա միջազգային հանրության կարծիքն է՚,-ընդգծեց Է.Նալբանդյանը: ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի մասնակիցները եւս, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հիշատակելով, իրենց ելույթներում ընդգծում էին, որ դրա կարգավորման գործընթացը կապված չէ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հետ, որին էլ հայտնում էին իրենց աջակցությունը: Նշենք, որ ադրբեջանական աղբյուրների համաձայն` Աթենքում Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Ա.Դավուդօղլուն տեղեկացրել է իբրեւ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը նշել է, թե արձանագրությունները չեն վավարեացվի քանի դեռ լուծված չէ ԼՂ հակամարտությունը: ՙԻնչու ենք ստորագրել այդ արձանագրությունները, եթե չենք գնալու վավերացման եւ իրականացման: Կարծում եմ` երկու կողմերն էլ գիտակցում են, որ հնարավոր ողջամիտ ժամկետներում պետք է վավարեցնել արձանագրություններն ու իրականացնել դրանք՚,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը` պարզաբանելով, որ ՙողջամիտ ժամկետներ՚ նշանակում է այդ ճանապարհին չստեղծել արհեստական խոչընդոտներ, դժվարություններ: Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ հանդիպման նախաձեռնողը եղել է թուրքական կողմը, եւ Հայաստանը տվել է իր համաձայնությունը: ՙՔանի որ գործընթաց ենք վարում, ինչո±ւ չհանդիպել եւ չխոսել: Երկխոսության, հանդիպումների եւ բանակցությունների շնորհիվ է, որ այսօր ունենք ստորագրված երկու արձանագրություններ, որոնք հնարավորություն են բացում ապագա հարաբերությունների կարգավորման համար՚,-ընդգծեց նախարարը:

No comments: