Wednesday, December 2, 2009

Ադրբեջանի սանձազերծած մրցավազքը մտահոգեց նաև եվրոպացիներին

Panorama.am. 1-12-2009- Լեռնային Ղարբաղի հակամարտության լուծված չլինելու հետևանքով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի առնչությամբ ԵԱՀԿ-ն վերջապես մտահոգություն հայտնեց: ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում թեմային այսօր անդրադարձ է կատարել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Քուշները: Ֆրանսիական արտաքին գերատեսչության ղեկավարն, իր խոսքում նշել է, որ թեև Հելսինկյան եզրափակիչ ակտից անցել է 35 տարի, Փարիզյան խարտիայից` 20 տարի, իսկ Ստամբուլի գագաթաժողովից 10 տարի, միևնույն է` ԵԱՀԿ անդամ երկրներն այսօր էլ խնդիր ունեն` Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրի դրույթներն իրագործելու նպատակով ջանքեր գործադրելու ուղղությամբ: «Խորապես համոզված եմ մեր սկսած գործընթացն ավելի բարձր քաղաքական մակարդակի բարձրացնելու անհրաժեշտության մեջ: Քանի որ անվտանգության խնդիրները մնում են, մեր կազմակերպությունը ջանքեր է գործադրում լուծումներ գտնելու համար, ինձ վճռական է թվում, ինչպես որ առաջարկել է Ղազախստանը, որպեսզի երկրների ղեկավարները և կառավարությունները միավորվեն` Ստամբուլում կայացած գագաթաժողովից 10 տարի, Փարիզի հռչակագրից 20 տարի և Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրումից 35 տարի անց` մեր պարտավորություններն իրականացնելու համար: Նման ժամկետը մեզ քաջալերում է գտնել այն դժարությունների լուծումը, որոնց բախվում է Եվրոպայում սպառազինության հսկողությունը, նույնիսկ մինչև որոշ հակամարտությունների լուծումը, ինչպիսիք են Ղարաբաղյանը կամ Մերձդնեստրյանը, որոնց համար առկա են համաձայնության հիմքեր»,- նշել է Բեռնար Քուշները: Միևնույն ժամանակ Բեռնար Քուշները նկատել է, որ ներկայումս լուրջ հիմքեր կան ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման համար: Նրա խոսքերով, Մինսկի խմբի ջանքերի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կառուցողական մոտեցման շնորհիվ կարևոր քայլեր են արվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ: «Ղարաբաղյան հարցում բանակցությունները զգալի առաջընթաց են արձանագրել` շնորհիվ Մինսկի խմբի ջանքերի և նախագահներ Ալիևի և Սարգսյանի կառուցողական մտածելակերպին, ովքեր 2009 թվականի ընթացքում հանդիպել են 6 անգամ: Այս առաջընթացները, հուսով եմ, կարտացոլվեն այստեղ` Աթենքում` ԵԱՀԿ նախարարների խորհրդի աշխատանքներում: Եկել է որոշումների ժամը, և ես կոչ եմ անում երկու կողմերին օգտագործել հնարավորությունը, որը նրանց տրվել է, և առանց ձգձգման ամրագրել նրանց առաջարկված կարգավորման սկզբունքները` համաձայնեցված հիմքի վրա կարգավորման ծրագրի խմբագրմանն անցնելու համար»,- հայտարարել է Քուշները: «Մեզ անհրաժեշտ է ակտիվացնել մեր դերը «սառեցված հակամարտությունների» կարգավորման գործում՝ հաշվի առնելով, որ Վրաստանում ԵԱՀԿ ջանքերը վերջին իրադարձությունների ընթացքում ձախողվեցին»,- հավելել է Քուշները: Ֆրանսիան, նրա խոսքերով, սատարում է Եվրոպայում անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի նոր նախաձեռնությանը, որի կետերից մեկն էլ տարածաշրջանում հակամարտությունների լուծումն է։ «Հին հակամարտությունների լուծումը և նոր վտանգների կանխարգելումը անվտանգության տվյալ համակարգի հիմնական ուղղություններն են»,- ասել է նա:

No comments: