Thursday, December 3, 2009

ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԴՐԴԵԼ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ

«ԱԶԳ», 03-12-2009- ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը վստահ է, որ եթե Թուրքիան դանդաղեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, կարող է վտանգել Հայաստանի հետ ընթացող ողջ գործընթացը: Ըստ նրաՙ այժմ թուրքական քաղաքականության օրակարգի հիմնական հարցը համարվում է քրդական խնդիրը: «Ինձ թվում էՙ Թուրքիայի ղեկավարությունը կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, երբ քրդական հարցում հասնի առաջխաղացման»: Այդ համատեքստում Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է ձգձգել արձանագրությունների վավերացման գործընթացը: «Հանձնաժողովում կա 36 պատգամավոր, նրանց մեծ մասը «Արդարություն եւ բարգավաճում» իշխող կուսակցության անդամներ են: Եթե Թուրքիայի ղեկավարությունը որոշի, որ հանձնաժողովը պետք է հավանության արժանացնի արձանագրությունները, ապա հանձնաժողովն այդպես էլ կանի»: Ռուբեն Սաֆրաստյանը կասկածում է, որ հանձնաժողովը արձանագրությունների վերաբերյալ իր որոշումը չի հրապարակի մինչեւ դեկտեմբերի 7-ը. հենց այդ օրն է նախատեսված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սաֆրաստյանը փաստել է, որ Հայաստանը կարող է օգտվել այն հնարավորություններից, որոնք ընձեռում է միջազգային իրավունքը, եւ հայտարարի, որ Թուրքիան ձախողում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը, եւ Երեւանը դուրս է գալիս բանակցություններից»: Սաֆրաստյանը նկատում է, որ Թուրքիան երեւի չի հասկանում, որ իր հակասական հայտարարություններով չի կարող ազդել Հայաստանի վրա: «Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն պարբերաբար հայտարարում է, որ Թուրքիան չի վավերացնի արձանագրություններն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի լքել Լեռնային Ղարաբաղի տարածքը: Այդ հայտարարությունների նպատակն է դրդել Երեւանին զիջումների, սակայն թուրքական դիվանագիտությունը հավանաբար չի հասկացել, որ հայկական կողմի հետ այդ խաղը չի անցնի»: Թուրքագետը վստահեցնում է, որ Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթաժողովին բոլոր քաղաքական խաղացողները հաստատեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը չպետք է շաղկապվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «Այս երկու գործընթացները կապելու Թուրքիայի ձգտումը կողմնակիցներ չգտավ»: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցինՙ Սաֆրաստյանը նշեց, որ լուծումը մոտակա հեռանկարում հնարավոր չէ: Թուրքագետը համոզված է, որ քաղաքական զարգացման տվյալ փուլում հակամարտող կողմերն առայժմ չեն հասունացել ղարաբաղյան հակամարտության լուծման համար, իսկ գերտերությունների ճնշումը կողմերի վրա միայն խորացնում է դրությունը: «Չեմ կարծում, որ կողմերի վրա ճնշում գործադրելով հնարավոր լինի լուծել հակամարտությունները, հատկապես այնպիսի բարդ հիմնահարցը, ինչպիսին է ղարաբաղյան հակամարտությունը: Նման խնդրի լուծումը ջանքեր պահանջող երկար գործընթաց է, որը նախ եւ առաջ կախված է հակամարտող կողմերի` փոխզիջումների գնալու պատրաստակամությունից»: Սաֆրաստյանը նշեց, որ այսօրվա դրությամբ բանակցային գործընթացում ամենակարեւորը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: «Առայժմ վաղ է խոսել այն մասին, որ կողմերը հասել են ղարաբաղյան հակամարտության լուծումը ենթադրող շրջանակային փաստաթուղթ ստորագրելու մակարդակին»: ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: