Friday, January 29, 2010

ՈԳԵՎՈՐՎԱԾ ՉԵՆ

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահը՝ Սոչիի եռակողմ հանդիպման եւ ԼՂՀ-ի՝ բանակցային գործընթացին մասնակցության մասին: Սոչիում կայացած ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո հղումներ անելով «բանակցություններին մոտ կանգնած բարձրաստիճան դիվանագետներին»՝ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ պարունակող փաստաթղթի նախաբանում, որի շուրջ, ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, կողմերը համաձայնության են եկել, «իմպերատիվ կերպով շեշտված է հետագա բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությունը»: Արդյոք Ղարաբաղում ոգեւորվա՞ծ են այս առաջընթացից եւ ի՞նչ ակնկալիքներ ունեն՝ «Առավոտի» հարցին ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը պատասխանեց. «Եթե հավատանք տեղեկատվական այդ արտահոսքերին, քանի որ պաշտոնական աղբյուրները լռում են, ապա փորձագիտական մակարդակով պետք է փաստեմ. ուրեմն կողմերը համաձայնության են եկել կարգավորման սկզբունքների շուրջ: Որովհետեւ մինչ այդ, երբ խոսվում էր ԼՂՀ-ի՝ բանակցություններին մասնակցության մասին, ասվում էր՝ ԼՂՀ-ն բանակցություններին կմիանա կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո»: Մեր զրուցակիցը հարկ է համարում հիշեցնել, որ ԼՂՀ-ի ներկայիս պաշտոնական դիրքորոշումը հետեւյալն է. «Մադրիդյան սկզբունքները չեն համապատասխանում ԼՂՀ ժողովրդի ձգտումներին»: Ու հավելում է. «Այս շրջանակներում, այս սկզբունքների ենթադրաբար համաձայնեցումից հետո ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցային գործընթացին ինձ չի թվում, որ պետք է այնքան շատ ոգեւորի մեզ, որպեսզի ասենք, որ դա դիվանագիտական ձեռքբերում է կամ առնվազն հաջողություն»: Նկատեցինք, որ տեղեկատվական արտահոսքերում նշվում է նաեւ «ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայության» մասին. արդյոք դա հուսադրո՞ղ չէ: Պարոն Աթանեսյանի արձագանքն էր. «Եթե այդ արտահոսքերը համապատասխանում են իրականությանը, եւ եթե փաստաթղթում խոսվում է նաեւ ազգերի ինքնորոշման գերակայության մասին, ապա դա նույնն է, ինչ որ ԵԱՀԿ նախարարների խորհրդի Աթենքի հայտարարության մեջ էր ասված: Այնտեղ էլ էին նշված խնդրի կարգավորման սկզբունքները՝ խաղաղ կարգավորում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում»: Մեր զրուցակիցը հիշեցրեց ԼՂՀ պաշտոնական տեսակետը. «ԼՂՀ ժողովուրդն արդեն իսկ իրացրել է ինքնորոշման իր իրավունքը, այդ իրավունքն անօտարելի է: ԼՂՀ-ն իր անկախությունը հռչակել է իր ժողովրդի համար ընդունելի սահմաններում: Եթե ԼՂ Հանրապետությունը հետագա քննարկումներում հնարավորություն ունենա դիվանագիտորեն պնդել իր տեսակետը՝ սա այլ բան է: Բայց Ադրբեջանի նախագահի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Սոչիի հանդիպմանը նախորդած հայտարարություններից հետո դժվար է հավատալ, որ կողմերը եկել են այնպիսի համաձայնության, որը ԼՂՀ-ին հնարավորություն է տալու ամենաբարձր մակարդակով ընդգրկվել բանակցային գործընթացում եւ պաշտպանել սեփական տեսակետները»: Ի դեպ, ցայսօր ղարաբաղյան տարբեր պաշտոնյաներ անընդհատ հայտարարել են, որ միանգամայն վստահում են ՀՀ նախագահին՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, հետաքրքրվեցինք՝ այդ պնդումներն այսօր է՞լ ուժի մեջ են: «Խոսքը վերաբերել եւ վերաբերում է նրան, որ առանց ԼՂՀ-ի լիարժեք, իրավահավասար մասնակցության այդ խնդիրը լուծում չունի: Ասել, թե Սոչիի հանդիպումից հետո իրավիճակ է փոխվել կամ այնպիսի հեռանկար է ուրվագծվում, որը թույլ է տալիս ենթադրել, որ լուծումները ոչ ղարաբաղանպաստ են կամ անտեսում են ԼՂՀ ժողովրդի շահերը՝ սխալ է: Այս հանդիպումը համարել վերջնակետ, որից հետո փորձ կարվի ԼՂՀ-ին լուծումներ պարտադրել... ես այդքան հոռետես չեմ: Այս հանդիպումը 2010-ի մեկնարկն էր: Կարծում եմ, որ կողմերը նաեւ փորձել են ընթացիկ հանդիպումների եւ բանակցությունների ժամանակացույց ճշտել»: Պարոն Աթանեսյանը գտնում է նաեւ, որ չպետք է անտեսել այն հանգամանքը, որ հանդիպումը եռակողմ էր՝ ՌԴ նախագահի հովանավորությամբ. «ԼՂՀ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Չեմ կարծում, թե ՌԴ նախագահի նախաձեռնության մեջ արտահայտվում են նաեւ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի տեսակետներն ու մոտեցումները: Նախկինում էլ Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ էին ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները հանդիպում, ավելի վաղ՝ Քի-Ուեսթում ԱՄՆ պետքարտուղարի հովանավորությամբ հանդիպեցին երկու երկրների նախագահները, բայց որեւէ հանգուցալուծում չի եղել: Այս հանդիպումն էլ չի կարելի ջրբաժան համարել, որից հետո արագացված գործընթացներ են սկսվելու»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Առավոտ» 28-1-2010

No comments: