Thursday, April 1, 2010

ՀԻՍՈՒՍ քեզ ՔՐԻՍՏՈՍ, ՍՈՒՊԵՐՍԹԱՐ

«Լրագիր» 31-3-2010- Դաժան է, երբ աչքիդ առաջ շահագործում են մարդու բարությունն ու համեստությունը , իսկ դու ոչնչով օգնել չես կարող: Առավել ևս, երբ այդ մարդը հյուր է և քո ողջ գիտակցական գոյության թանկագին մի մասը, իսկ շահագործողները` չափի զգացումը կորցրած քո հայրենակիցները: Չէր կարծում Իան Գիլանը, որ գալով առաջին քրիստոնյա երկիր, վարձահատույց է լինելու երիտասարդ օրերում կատարած սխալների համար, ինչպես ասենք` հարություն չառած Քրիստոսի դեր կատարելն էր Jesus Christ Superstar ռոք-օպերայում: Հայ Սուպերսթարի ինկվիզիցիան բռնել ու կտտանքների էր ենթարկում, դատարկախոս մեծարման ու ինքնամոռաց երախտապարտության տեսքով: Ճիշտն ասած` այնքան էլ պարզ չէր` դա Գիլանի մեծարման երեկո է, թե Գիլանի օգնությամբ կազմակերպված այլոց ինքնամեծարման շոու: Ներկայացումը մի քիչ “Տժվժիկ”-ն էր հիշեցնում, սակայն ոչ թե բարեգործն էր երեսով տալիս, այլ բարեգործվողը անընդհատ շնորհակալություն էր հայտնում: Գիլանի բախտը բերել էր, որ կատարվածին հաղորդակից էր լինում միայն թարգմանաբար` ոչ բնօրինակով: Այնպես որ, ինկվիզիցիայի իրական զոհերը մենք էինք` Դիփ Փարփլի և Իան Գիլանի հայ, նաև հայախոս երկրպագուները, իսկ վերջինիս բրիտանական քաղաքավարությունն ու բնատուր սրամտությունն օգնեցին այդ դպրոցական հանդեսին վերաբերվել անգլիական հումորով, նույնիսկ երբեմն անկեղծ հաճույք ստանալ սեփական ստեղծագործությունների թեկուզ և փոքր-ինչ պարզեցված տարբերակներից, ու հարկ եղած դեպքում հաճոյախոսել` կամ տիպիկ գիլանական կատակներով, կամ վաղուց կարծրացած արտահայտություններով… it’s been a great pleasure (մեծ բավականություն ստացա), you are fantastic (դուք հրաշալի եք) և այլն: Գիլանի բանաստեղծական ոճին ծանոթ լինելով` “կարող էինք զգալ արյունը տողերի միջև” (չակերտներում գրվածը ցիտատ է Deep Purple-ի Fools (Հիմարներ) երգից): Բայց լինենք շիտակ, և խոստովանենք, որ Դիփ Փարփլի երգերը նորաթուխ աստղիկների կատարմամբ ամենալուսավոր կետն էին այդ նախագծում: “Փայլում” էր հաղորդավարը, ում առանց այն էլ սահմանափակ բառապաշարը կարծես թե ձևափոխվել էր հերթապահ ու մշտական բառագոյացությունների: Այսպես, մեզ անընդհատ հիշեցնում էին, որ համերգը հեռարձակվում է ուղիղ եթերում: Առանձնապես միտում էլ չկար դրան չհավատալու, բայց մեզ այնպիսի համառ հաճախությամբ էին դա համոզում, հավաստիացնում, փաստարկում, որ ակամայից կասկած էր հարուցում` իսկ մնացած բոլոր դեպքերում, երբ պարզապես գրված է ուղիղ եթեր, դա չի՞ համապատասխանում իրականությանը: Բացի այդ, քանի որ այդ “բազմանշանակ” տեքստը թարգմանվում էր Գիլանի ականջին պիոներական ճշտությամբ, պատկերացնում եմ վերջինիս տպավորությունը մեր հեռուստատեսության մասին, որտեղ քսանմեկերորդ դարի երկրորդ տասնամյակի սկզբում նոր հայտնագործել են “ուղիղ եթերը” և շատ հպարտ են դրանով: Նույն համառությամբ հաղորդավարը պնդում էր ևս մի լոզունգատիպ բացականչություն, այս մեկը բոլշևիկյան էյֆորիայի շարքից. Ռոքը հաղթեց (քիչ էր մնում ավելանար` Կեցցե ռոքը): Անմիջապես հարցերի խուրձ է առաջանում. ու՞մ, ե՞րբ, ո՞ր մենամարտում, ինչի՞ համար... և երբ երևակայությունդ լարելով գտնում ես մոտավոր ենթադրելի պատասխաններ, ի հայտ է գալիս գլխավոր հարցը. իսկ ինչի՞ց որոշեցիք, որ ռոքը հաղթեց... Միթե այն, որ այդ մասին հայտարարում է հայկական պոպսայի անլռելի նվիրյալ և խորհրդանիշ Ավետ Բարսեղյանը, բավարար փաստ է ռոքի հիպոթետիկ հաղթանակներից խոսելու համար: Այ, եթե հաղորդավար Ավետ Բարսեղյանը այլևս չգրի երգերի տեքստեր, գուցե կարելի է խոսել պուճուր լոկալ մետաֆորիկ հաղթանակի հեռանկարից: Իսկ եթե վաղը-մյուս օրը, Աստված չարասցե, Ավետ Բարսեղյանը սկսի ռոք-երգերի տեքստեր գրել, ռոքը ոչ միայն երբեք չի հաղթի Հայաստանում, այլ տանուլ կտա ամեն ինչ հավետ... անվերադարձ: Հետո հայտարարվեց, որ “Հայ Սուպերսթարը ազնիվ նախագիծ է” (եթերն իրոք ուղիղ էր), ուստի տվյալ համերգին չի մասնակցում մրցույթի վերջին հաղթող Րաֆֆին, քանի որ նա... (ուշադիր) ռոքային չէ: Ուրեմն մարդիկ լինում են ռոքային, ջազային, պոպային, կամերային... Եթե այսպիսի մտքեր արտահայտեր պատահական մի անցորդ կամ հեռուստադիտող, զավեշտալի ոչինչ չէր լինի: Բայց սա ասում է մի մարդ, ով հայկական պոպ երգերի գերակշիռ մասի տեքստերի հեղինակ է, հետևաբար իր բառապաշարն ու լեզվամտածողությունը թելադրում է հասարակության լայն` մտածելուն ավելի քիչ սովոր զանգվածին... Ահա թե ինչու է ուռենին լացում: հԱվետ: Սակայն ամենաանիմաստ նախադասությունը պահված էր վերջի համար և ուղղված էր հենց երեկոյի հյուրին` Իան Գիլանին. “Շնորհակալություն, որ լեգենդ եք, շնորհակալություն, որ համեստ եք: Սովորաբար լեգենդները համեստ են լինում, էլ ուր մնաց դուք համեստ չլինեիք”: Хотели как лучше, вышло как всегда: ... Մնում է միայն ուրախանալ, որ Անգլիայում դեռ հայերենը պարտադիր ուսուցման լեզու չէ... Ազնվության վերջին պոռթկումով, հաղորդավարը խոստովանեց, որ մեծ առումով ռոքից անտեղյակ է, բայց պետք է հայտնեմ, ի տխրություն նրա, որ ոչ միայն ռոքից... այլև ընդհանրապես երաժշտությունից: Այլապես կհասկանար, որ ցանկացած նոտա գեղեցիկ ու տպավորիչ է միայն երգի կամ նվագակցության կոնտեքստում: Պարզաբանեմ: Ելույթներից մեկից հետո Գիլանն իր հերթական գնահատականը տալիս ասաց, որ “այն բարձր նոտան անսպասելի էր, բայց հաջող ստացվեց”, ինչից հետո հաղորդավարը բառիս բուն իմաստով պարտադրեց անփորձ երգչին նորից վերցնել այդ նոտան, առանձին` առանց նվագակցության: Տղան դիմադրեց, քանզի հասկանում էր պահանջի աբսուրդությունը, երևի չափի զգացում ուներ, մի քիչ էլ խելք, ու հասկանում էր, որ Իան Գիլանի մոտ չարժե վոկալ տվյալներով պարծենալ, բայց ի վերջո տեղի տվեց ավելի “հեղինակավոր” պահանջատիրոջը: Արդյունքում` ակամա, Ավետ Բարսեղյանի թեթև ձեռքով, հայտնվեց անհարմար դրության մեջ... բարձր նոտան էլ ձախողեց: Երևի հաղորդավարը պահի տակ շփոթել էր նախագծերը. նրան թվաց, որ մասնակիցն ուզում է միլիոնատեր դառնալ, և նրան ամեն գնով պետք է “կրվցնել”: Իսկ ով հաղթե՞ց: Ռո՞քը: Այո, եթե այսուհետ ռոքը ձևական կռապաշտության թատերաբեմ է: Այո, եթե ռոքի անվան տակ պետք է մրցեն պարզունակն ու դատարկը, եթե ռոքը դա նույն անբովանդակ պոպ-երգի տրամաբանությամբ կառուցած տրիվիալությունն է` distortion-ներով (1) ճոխացրած: Եթե ռոք-էսթետիկան դա բազմատեսակ ժնջիլներն են, պլպլան շորերն ու արտառոց սանրվածքը, իսկ ինչ կա ներսում` կարևոր չէ... Մյուս կողմից, այդքան խոսվել է, անգամ ծեծված կլիշե է դարձել, որ ռոքը բողոքի երաժշտություն է, ռոքը պայքարի երաժշտություն է...: Բայց եթե այն արդեն հաղթել է, ուրեմն հետագա պայքարն էլ է անիմաստ, հետևաբար` ռոքը վերջացավ: Հաղթելով, թե պարտվելով, չգիտեմ... Չեմ ուզում կատարյալ եղանակում բնորոշել, այն ինչ կատարվում է “ռոք”-ի հետ Հայաստանում, ինձ հույս տալով, որ պրոցեսը դեռ նոր է սկսվել, և կարելի է ինչ-որ բան ուղղել: Իմ տպավորությամբ, “ռոք”-ը կամաց-կամաց հանձնվում է попсарь-ներին, ինչպես “պոպ”-ը հանձնվեց “ռաբիս”-ին: Ճանապարհն ուրվագծված է: Այնպես որ, հեռու չէ այն օրը, երբ կլսենք անկեղծ կլկլոցներ էլեկտրակիթառների ուղեկցությամբ և ականատես կլինենք նոր երաժշտական ոճի զարգացմանը: Վերջապես, եթե կա “պոպ-ռոք”, ինչու՞ չլինի “ռաբիս-ռոք”: Առավել ևս, որ չեմպիոնությունն այդ ոճում ապահոված է: Հավատում եմ, որ կզգաք արյունը տողերի միջև... ՎԱՀԱԳՆ ՊԱՊԱՅԱՆ (1) Սարք, որը (ոչ անպայման) միացվում էլեկտրական կիթառներին, ձայնին յուրահատուկ կոպտություն և/կամ գունային նոր երանգներ հաղորդելու նպատակով: Բառացիորեն distortion նշանակում է աղավաղում:

No comments: