Wednesday, May 5, 2010

Դավութօղլուի միակ ձախողումը հայ-թուրքական հարաբերություններն էին. Ամբերին Զաման

Tert.am. 5-5-2010- Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում Ահմեթ Դավութօղլուի շնորհիվ բավական լուրջ հաջողություններ են գրանցվել երկրի արտաքին քաղաքական ուղեգծում, սակայն նրա միակ անհաջողությունը թերևս դարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին է գրում «Էկոնոմիստ» և «Հաբերթուրք» պարբերականների թղթակից Ամբերին Զամանը` հետադարձ հայացք ձգելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ծավալած գործունեությանը: «Հայացք նետելով Դավութօղլուի մեկ տարվա գործունեությանը` պետք է ասել, որ նրա օրագիրն ուղղակի փայլում է: Նախ, վերջին երեսուն տարվա ընթացքում (նույնիսկ ավելի երկար ժամանակահատվածում) Թուրքիայի Հանրապետության ոչ մի արտգործնախարար չէր արժանացել այսքան գովեստի խոսքերի: Իսկական ինտելեկտուալ: Նույնիսկ նրան համեմատում են Քիսինջերի հետ (չնայած գիտեմ, որ արյունոտ հեղաշրջումների ճարտարապետի համբավ ձեռք բերած Քիսինջերի հետ նմանեցումը դուր չի գալիս Դավութօղլուին): Թերևս կարելի է դրական գնահատել Իրաքում տարբեր էթնիկական խմբերին կլոր սեղանի շուրջ նստեցնելուն, Քերքյուքում թուրքմենների կուսակցություններին իրաքյան վերջին խորհրդարանական ընտրություններին ինքնուրույն մասնակցելուն, ինչպես նաև շիաների և սուննի արաբների նույն համամասնական ցուցակներով ընտրություններին մասնակցելու հարցում համոզելուն և Բոսնիայում սերբերի հետ մուսուլմաններին հաշտեցնելուն ուղղված նախաձեռնությունները»,- գրում է Ամբերին Զամանը` ընդգծելով, որ Դավութօղլուի մեկ տարվա գործունեության մեջ միակ անհաջողությունը Հայաստանի հետ մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացն է: «Դավութօղլուի օրագրում միակ վատ գնահատականը, վարչապետ Էրդողանի «ներդրմամբ», հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի գծած ճանապարհն է: Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին ոչ մի խոսք չկա: Հակառակ սրան` ասել՝ «Նախ խաղաղություն Ադրբեջանի հետ, հետո Արձանագրությունների վավերացում», լուրջ հակասություն է առաջ բերում: Եթե Արձանագրությունների միջոցով նպատակ էր հետապնդվում հանուն Թուրքիայի հետ սահմանների բացման Հայաստանին ստիպել քայլեր իրականացնել Ղարաբաղի հարցում, ապա արդյունքը տեսանք. Հայաստանն Արձանագրությունները դրեց սառնարանում»,- գրում է Ամբերին Զամանը` նշելով, որ առանց Լեռնային Ղարաբաղ կարգավիճակի որոշման, Հայաստանը ոչ մի զիջման էլ չի գնա: «Վստահելի աղբյուրներից տեղեկանում ենք, որ անցած ամիս Վաշինգտոնում Սարգսյան-Էրդողան հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը ներկայացրել էր մի փաթեթ, որում մատնանշվում են Ղարաբաղի հարակից այն տարածքները, որտեղից պետք է դուրս գան հայերը: Դա հայկական պատվիրակության վրա սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ: Ինչպես որ մենք միակողմանիորեն որպես «ժեստ» դուրս չենք գալիս Կիպրոսից կամ չենք պակասեցնում մեր զինվորների թվաքանակը, այնպես էլ Հայաստանը բանակցությունների համար իր ձեռքում պահում է այդ շրջանները և դժվար թե դուրս գա այդտեղից, քանի դեռ վերջնականապես չի որոշվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- եզրափակում է Ամբերին Զամանը:

No comments: