Wednesday, May 12, 2010

Թուրքիան վերջիվերջո պետք է ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը. լեհ սենատոր

Tert.am. 12-5-2010- Մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Լեհաստանի խորհրդարանի լեհ-հայկական պատգամավորական բարեկամական խմբի անդամներին սենատոր Լուկաշ Աբգարովիչի գլխավորությամբ։ Հովիկ Աբրահամյանը ցավակցություն է հայտնել օդային աղետից Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու և լեհ բարձրաստիճան պաշտոնյաների ու խորհրդարանականների զոհվելու կապակցությամբ և հայ ժողովրդի ու ՀՀ Ազգային ժողովի անունից փոխանցեց եղբայրական զորակցությունը բարեկամ լեհ ժողովրդին։ Լուկաշ Աբգարովիչը շնորհակալություն է հայտնեց այն վերաբերմունքի համար, որ հայ ժողովուրդը ցուցաբերեց ողբերգության օրերին, նշելով, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահն այն եզակի բարձրաստիճան քաղաքական գործիչներից էր, ով , չնայած եղանակային ծանր պայմաններին, կարողացավ մասնակցել սգո արարողություններին։ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել լեհ-հայկական բարեկամական պատգամավորական խմբի պատվիրակության այցելությունը Երևան։ Նա համոզմունք է հայտնել, որ կողմերը պետք է պահպանեն և խորացնեն միջխորհրդարանական շփումների տեմպերը։ Լեհաստանի խորհրդարանի լեհ-հայկական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Լեհաստանի սենատոր Լուկաշ Աբգարովիչը տեղեկացրել է, որ իրենք կհրավիրեն Հայաստանի խորհրդարանի Հայաստան-Լեհաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամներին` այցելել Լեհաստան։ Նա ցանկություն է հայտնել ավելի խորացնել ոչ միայն Լեհաստան-Հայաստան, այլև Եվրամիություն-Հայաստան կապերը։ Իր հերթին Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել եվրոպական կառույցներում, ՄԱԿ-ի համակարգում և այլ միջազգային ատյաններում Հայաստանի և Լեհաստանի մշտական ներկայացուցչությունների ու պաշտոնական պատվիրակությունների միջև համագործակցության սերտացման և արդյունավետության անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տնտեսական հարաբերություններին։ ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ Լեհաստանում նախագահական ընտրություններից հետո հնարավոր կլինի անցկացնել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստ և գործարար համաժողով, ինչի շուրջ նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ` վերջինիս հայաստանյան այցի ժամանակ։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ որպես խորհրդարանականներ, պետք է ձգտեն, որ կառավարությունների հարաբերություններն ավելի սերտանան։ Լուկաշ Աբգարովիչը հայտնել է, որ իրենց այցի նպատակներից է նաև ուսումնասիրել հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները։ Կարևորվել է նաև Վարշավա-Երևան ուղիղ ավիաչվերթի բացման հարցը։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերություններին և ԼՂ հիմնախնդրին։ Ըստ Լուկաշ Աբգարովիչի` Լեհաստանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը և հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը առանձին խնդիրներ են, և դրանք չպետք է կապել իրար հետ։ Նա նշել է, որ Թուրքիան վերջիվերջո պետք է ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը՝ միաժամանակ, բարձր գնահատելով Հայաստանի նախագահի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ԱԺ-ից։

No comments: