Thursday, May 13, 2010

Այսօր Համբարձման տոնն է. «Ջանգյուլում, ջա~ն, ջա~ն»

Այս տարի Հիսուս Քրիստոսի Համբարձման օրը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է մայիսի 13-ին: Տոնը նշվում է Ս. Զատիկին` Քրիստոսի Հարությանը հաջորդող 40-րդ օրը, երբ Տերն Իր աշակերտների հետ բարձրացավ Ձիթենյաց լեռը և համբարձվեց երկինք: Համբարձման տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Ազգագրագետ, նկարչուհի Լուսիկ Ագուլեցին նախօրեին ասուլիսում ներկայացրել էր, որ ավանդույթի համաձայն, դեռևս լուսածագը չեղած երիտասարդներ ու աղջիկներ 7 սարից ծաղիկ են հավաքում, 7 առվակից` քարեր ու 7 աղբյուրից ջուր: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում է` տվյալ տարում, որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը, երիտասարդները «Ջանգյուլում» են խաղում. ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում: Ագուլեցին նշել էր, որ ծիսական այս արարողությունն ուղեկցվում է երգով ու պարով: Ինչպես Արարատյան Հայրապետական թեմն է տեղեկացնում, հնում Համբարձման օրվա տոնակատարություններն սկսվում էին չորեքշաբթի օրվանից: Սովորության համաձայն, կանայք այդ օրն անվանում են «Ծաղկամոր կիրակի»: Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վառվառե կույսն է, ով փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և նահատակում է: Քարանձավը, ուր նահատակվել է Վառվառե կույսը, դեռևս միջնադարից ուխտատեղի է: Ժողովուրդը հավատում է, որ քարանձավի պատերից մշտապես հոսող ջուրը Վառվառե կույսի արցունքներն են, որոնք բուժիչ ազդեցություն ունեն: Ամեն տարի ավանդաբար Համբարձման տոնի օրը նշվում է նաև Հայրապետական Աթոռի` Սիս քաղաքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին վերադարձի հիշատակը։ Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է Լուսավորչահիմն Ս. Էջմիածնում։

No comments: