Երեք նախագահների համատեղ հայտարարության մեջ ԼՂ խնդրի կարգավորման մասին որեւէ նոր բան ասված չէ եւ դրանում կրկնվում է այն, ինչ ասվել էր Աքվիլայում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից ԼՂ հակամարտության վերաբերյալ արված հայտարարությունը։ «Կարգավորման գործընթացի կազմակերպման առումով նկատվում է համանախագահող երկրների ղեկավարների համառ պահանջը՝ արագացնելու գործընթացը եւ արագորեն կնքելու կարգավորման սկզբունքների մասին համաձայնագիրը։ Այդ համառությունը բացատրվում է նրանով, որ միջնորդ երկրների համբերությունը սպառվում է, ու նրանք գնալով ավելի անհանդուրժելի են համարում ներկա ստատուս-քվոն։ Սա է միակ նորությունը, որը ցույց է տալիս, թե ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը մնում է միջազգային հանրության առաջնահերթությունների շարքում»,- նշել է Զուրաբյանը։ Նա նաեւ անդրադարձել է նախագահների հայտարարությանն ի պատասխան Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ նկատելով, թե այդ հայտարարությունից ոչ մի գործնական եզրակացություն անել հնարավոր չէ, եւ դա ընդամենը դիվանագիտական ռեվերանս է Հայաստանի կողմից։ «Իսկ թե դրա տակ ինչ է թաքնված՝ բացարձակապես պարզ չէ»,-նկատեց Զուրաբյանը։
Հարցին՝ արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի իշխանությունները եւս պետք է արձագանքեն արված հայտարարությանը, Զուրաբյանը պատասխանեց. «Եթե ԼՂ իշխանությունները համարժեք դիրքորոշում ունենային ամբողջ կարգավորման պրոցեսում, նրանք ե՛ւ հիմա կարձագանքեին, ե՛ւ կարձագանքեին ի սկզբանե, ու չէին թողնի, որ Հայաստանը բանակցություններում ներկայացներ ԼՂ-ի շահերը, այլ ամեն ինչ կանեին, որ չկորցնեն 1994 թվականի բուդապեշտյան դիրքերը, երբ միջազգային հանրությունը ԼՂ-ին ճանաչել էր որպես բանակցող լիիրավ կողմ։ Ցավոք, ԼՂ-ն այսօր ոչինչ չի անում այդ դիրքերը վերականգնելու ուղղութամբ»։
NEWS.am-ը փորձեց ՀԱԿ համակարգողից ճշտել, թե արդյո՞ք հունիսի 26-ի հայտարարությունը կարող է դառնալ առիթ, որպեսզի ՀԱԿ-ը համապետական հանրահավաք հրավիրի՝ Զուրաբյանը պատասխանեց. «Ոչ, բովանդակային առումով մենք մեր հայտարարությունը Աքվիլայից հետո արել ենք եւ մեր բոլոր վերապահումները հայտնել ենք։ Կարգավորման պլանի հետ կապված որեւէ նոր բան այս նոր հայտարարության մեջ առկա չէ»։
Նշենք, որ նախագահների համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք որպես նշանակալի քայլ ենք դիտարկում եւ ողջունում ենք երկու կողմերից էլ այն փաստի ընդունումը, որ ամուր կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների եւ այն տարրերի վրա, որոնք մենք առաջարկել էինք 2009թ. հուլիսի 10-ին Աքվիլայի գագաթնաժողովում արած մեր հայտարարության մեջ, որոնք վերաբերվել են Լեռնային Ղարաբաղին հարակից զբաղեցված տարածքների վերադարձին, անվտանգություն եւ ինքնիշխանություն նախատեսող Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքին, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին, որը հստակեցվելու է ապագայում իրավական ուժ ունեցող կամարտահայտությամբ, բոլոր տեղահանվածների եւ փախստականների վերադարձի իրավունքին, ինչպես նաեւ անվտանգության միջազգային երաշխիքներին, այդ թվում՝ խաղաղության պահպանման ուղղությամբ»: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել էր հայտարարությունը:
Tuesday, June 29, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment