Tuesday, June 29, 2010

Արցախի հարցի լուծման ժամանակը

7Or.am. 28-6-2010- Դա այսօր կամ վաղը չէ, որ պետք է ակնկալել: Արցախի հարցը դա Կովկասի տիրապետության հարցն է և այն կլուծվի միայն այն ժամանակ, երբ կվերջանա Կովկասի համար մղվող պայքարը, որը ընթանում է հիմնականում դիվանագիտական, մերթընդմերթ, նաև, պատերազմական հարթակում: Ներկայիս ստատուս քվոն, գոնե այս փուլում, ձեռնատու չէ միայն ադրբեջանա-թուրքական կողմին, մնացած բոլոր ներգրավված ու շահագրգիռ պետությունները կողմ են ներկա իրավիճակի պահպանմանը: Խոշոր պետություները իրենց պատառի մեծության համար դեռևս գզվռտոցի մեջ են և դժվարութուններ ունեն ստատուս քվոյի փոփոխման դեպքում առավել շահեկան դիրքերում հայտնվելու հարցում: Ռուսաստանը Կովկասն ուզում է իր ամբողջության մեջ, սա Ռուսական կայսրության 200-ամյա ավանդական քաղաքականությունն է: Սակայն, եթե նախկինում Ռուսաստանը Կովկասի համար մղվող պայքարում անմիջականորեն պատերազմում էր Պարսկաստանի, հետո, հատկապես, Թուրքիայի հետ, իսկ անգլիացիներն ու գերմանացիներն այդ պայքարում հենվում էին Թուրքիայի վրա, ապա ներկայումս իրավիճակը քիչ այլ է: Եվրոպան թակում է Կովկասի դռները, իսկ ԱՄՆ-ն վաղուց անցել է հեռակառավարման քաղաքականությանը: Կովկասի ապագան, այս պարագայում, չի կարող միաբևեռության համատեքստում գծագրվել' գոնե առաջիկա տասնամյակների կտրվածքով: Կովկասը Եվրոպայի, Մերձավոր և Միջին Արևելքի ու Ռուսաստանի սահմանային միջնատարածքում է և ո'չ մշակութային, ո'չ քաղաքական, ո'չ տնտեսական, ո'չ էթնիկական և ոչ էլ կրոնական առումով լիարժեքորեն չի պատկանում այս տարածաշրջաններից և ոչ մեկին: Այն բազմաձևության մի ամբողջություն է իր պատմությամբ, ներկայով ու ապագա մղումներով և շահերի բախումը այստեղ դեռ երկար կշարունակվի: Թեժ Կովկասը դժվարությամբ է հնարավոր փոխարինել ներդաշնակ գոյակցությամբ միասնական մի տարածաշրջանի, և հայության համար առաջնային խնդիր պետք է լինի անընդհատ ինքնակազմակերպվելը ոչ միայան Հայաստանում, այլև ողջ Կովկասում' այդ հարցում ի սպաս դնելով ողջ հայության ներուժը: Դա ուժեղանալու լավագույն գրավականն է: Եվ այսօրվա ռազմավարական դիրքերի զիջումը Ղարաբաղում և Ջավախքում, մեզ կկանգնեցնի ապագա մեծ վտանգների առջև: Հայաստանն իր փոքր կենսատարածքով, սակավ ռեսուրսներով, առանց ծովի և շրջափակման մշտական սպառնալիքների ներքո պետք է ձգտի արմատական փոփոխությունների: Պահպանողականությունը, չարդարացված զիջողականությունը, անարդյունավետ և անհեռանկարային կառավարումը, ռեսուրսների մսխումը պետք է հանել ազգային մտածողության և գործելաոճի զինանոցից և նայել առաջ, դեպի զարգացում, դեպի համընդհանուր ազգային պետական շահ: Տարածաշրջանային համագործակցության մեր բարի կամեցողոթյունը միայն այդպիսին է ու օգտակար հնչեցնելու միայն միջազգային հարթակներում և այն կովկասյան իրականության և մոտակա ապագայի հետ որևէ կապ չունի: Վերջին հուրյուր տարիների ընթացքում Կովկասը սեյմերի, ֆեդերացիաների և հանրապետությունների միությունների մեջ միավորելու փորձերը ձախողվել են և կձախողվեն ապագայում' չափից ավելի անտագոնիզմի առկայության պատճառով: Գոյատևման և զարգացման համար Կովկասյան ժողովուրդները դատապարտված են պայքարելու միմյանց և արտաքին ուժերի դեմ' համաժամանակյա: Եվ զարգանալու միակ շանսը ներտարածաշրջանային մրցակցության և պայքարի մեջ հաղթող լինելն է, որը կստիպի արտաքին ուժերին հաշվի նստելու այդ հաղթական փաստի հետ: Բացի այդ կովկասյան պետություններն առանձին-առանձին շանս չունեն հաղթելու արտաքին ուժերին, իսկ միավորվելու շանսը, առավել ևս բացակայում է: Եվրամիության մեջ ներգրավվելն որոշ ժամանակ կարող է մեղմել հակամարտությունը, սակայն Եվրամիությունը չի կարող վերացնել թուրքական և ռուսական կայսերապաշտությունը: Լավագույն դեպքում Կովկասը կհայտնվի կայսրությունների Աստվածաբար ամրագրված ճիրաններում, և այդ հակադարձ ուժերին միմյանցով հակակշռելով կովկասյան հանրապետությունները կփորձեն ապահովել իրենց տեղը արևի տակ, միմյանց կողքի և տերերի գրկում: Կովկասի ապագան ներքին սուր մրցակցություններով և բախումներով լի ապագան է մինչև այն սահմանագիծը, երբ որևէ ուժ կամ պետություն կհաստատի իր գերիշխանությունը, կամ բոլորը կհասնեն բավարարվածության մի ընդունելի սահմանագծի և ստիպված կփորձեն համագործակցել' ապագայում սպասելով նոր առավելություններ նվաճելու շանսերի: Կովկասյան այս նոր պատերազմում դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել ոչ ներքին խաղացողների և ոչ էլ շահագրգիռ գերտերությւոնների միջև: Այնպես որ, Ղարաբաղյան կարգավորման մտադրությունները դեռևս կմնան մտադրություններ այնքան ժամանակ, որքան ժամանակ ներգրավված գերտերությունները ձեռք չեն բերի Կովկասյան նոր համաձայնություն: Եվ միայն այդ համաձայնության կյանքի կոչման և վերադասավորումների ճանապարհին է առավել հավանական Արցախյան նոր պատերազմը, այլ պարագաներում պատերազմը կլինի արկածախնդրություն կամ ուժային պարտադրանքով գերիշխանություն հաստատելու և այդ համաձայնությունը մրցակիցներին պարտադրելու քայլ, ինչին մենք ականատես եղանք Աբխազիայում և Հարավային Օսիայում: Ոչինչ չբացառելու զգուշավորությամբ, Հայաստանին մնում է ստատուս քվոյի պահպանման հարցում համառել մինչև վերջ և զարգացնել իր բոլոր համակարգերը' ապահովելով հաղթական ապագայի իրական միսն ու արյունը: Այլապես փուչ ընկույզը մի օր կարող է ջարդվել' մի անզգույշ հպումից կամ գրգռված ախորժակով ինչ-որ մեկի սեղմումից: Արտակ Սարգսյան

No comments: