Saturday, June 12, 2010

ԹՈՒՐՔԻԱ-ԻՍՐԱՅԵԼ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՑԵ ՀԱՆԳԵՑՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

Սակայն ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված հանցագործություն է, ուստի ճանաչումը չպետք է վերագրվի ճանաչող պետության արժանիքներին «ԱԶԳ», 12-06-2010- Մայիսի 31-ին «Ազատության նավատորմիղի» վրա իսրայելական հատուկ ջոկատի հարձակումով, որին թուրքական «Մավի Մարմարա» նավի տախտակամածում համառ դիմադրություն էին ցուցաբերել կացիններով, դանակներով եւ երկաթե ձողերով զինված Գազա մարդասիրական օգնություն տանող ուղեւորները, Թուրքիա-Իսրայել տարաձայնությունները վերաճեցին սուր հակասությունների: Դա Իսրայելում Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հետեւություններ անելու առիթ տվեց հայաստանյան որոշ քաղաքական գործիչներին, քաղաքագետներին եւ վերլուծաբաններին: Մինչդեռ Թուրքիայի հետ հակասությունների պատճառով ճանաչելու դեպքում Իսրայելն ընդամենը պիտի շահարկի Հայոց ցեղասպանությունը, իսկ ճանաչման հարցն օրակարգ մտցնելու պարագայումՙ կչարչրկի: Այն առումով, որ Հայոց ցեղասպանությունը նրա ձեռքին կդառնա Թուրքիայի վրա ազդելու հավելյալ լծակ: Քանի որ ճանաչումը ենթադրում է ինքնակամ վայր դնել այդ լծակը, ուստի ավելի իրատեսական պետք է համարել Իսրայելում Հայոց ցեղասպանության ոչ թե ճանաչումը, այլ չարչրկումը: Ըստ երեւույթին, չարչրկումներն արդեն սկսվել են: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ ամերիկյան «Նյու Յորքեր» պարբերականի հեղինակ, գրական «Պուլիցեր» մրցանակի դափնեկիր եւ հանրահայտ լրագրող Սեյմուր Հերշիՙ թուրք իսլամականների խոսափող «Թաքվիմ» թերթին տված հարցազրույցին, ինչպես նաեւ Նագեհան Ալչը ստորագրությամբ Աքշամի հունիսի 10-ի համարում հրապարակված հոդվածին: Սեյմուր Հերշի հարցազրույցի մասին մեզ տեղեկացնում է Նյու Յորքի «Թուրքական» կայքէջը, ըստ որիՙ հարցազրույցում ամերիկյան լրագրողն ասել է. «Թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածության հետագա սրումը Հայաստանի օգտին է, որովհետեւ ԱՄՆ-ի հրեական կառույցները, եթե նույնիսկ չճանաչեն, աջակցելու են 1915-ի իրադարձություններին առնչվող հայկական բանաձեւին: Անգամ սկսել են համատեղ (հայերի հետ) աշխատանքները որոշ հարցերում: Հայաստանը նույնպես դեմ է Թուրքիայի զարգացմանը»: Հերշի այս խոսքերը ոչ այլ ինչ են, քան սպառնալու միջոցով Թուրքիային նախազգուշացում: Հատկանշական է, որ Նյու Յորքի «Թուրքական» կայքէջը հարկ է համարում հիմնավորել դրանք եւ ավելացնում է. «Իսրայելի Բար-լլան համալսարանի պրոֆեսորները եւ Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի հրեա դասախոս Օֆեր Իսրայելին նամակ են հղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին եւ պահանջել, որ նա ճանաչի, այսպես կոչված, Հայոց ցեղասպանությունը: Հրեա գիտնականները վարչապետի ուշադրությունը հրավիրել են այն պայմանագրերի վրա, որոնք Թուրքիան ստորագրել է Իսրայելի ոչնչացման նպատակ հետապնդող երկրների հետ: Նամակում ասված է. «Հետեւաբար եկել է անկաշկանդ գործելու ժամանակը: Իսրայելի կառավարությունը հրապարակավ կարող է Հայաստանին աջակցել եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Գիտնականները միաժամանակ նշել են, որ Հայոց ցեղասպանության հարցում որդեգրած դիրքորոշումը չի ծառայում Իսրայելի շահերին, Իսրայելն այդ հարցում կարող է ընդունել «բարոյական» որոշում, թերեւս դրանով էլ ստիպել Թուրքիային ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»: Ինչ վերաբերում է «Աքշամի» հոդվածագրին, ապա նա էլ անուղղակի հիմնավորում է Նյու Յորքի «Թուրքական» կայքէջին: Ահա թե ինչ է գրում. «9 հունիսի, 2010 թիվը Թուրքիայի պատմության տեսանկյունից շրջադարձային ամսաթիվ է, որովհետեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը «դեմ» քվեարկելով, Արեւմուտքին հասկացրել ենք, որ մենք պատրաստ ենք «լողալ այլ ջրերում»: Ի՞նչ է հիմա սպասվում: Անմիջապես հիշեցնենք, որ ՄԱԿ-ի քվեարկությանը հաջորդող օրերին նախատեսված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստ, որի օրակարգում «դեպի ո՞ւր է գնում Թուրքիան» հարցն է: Հանձնաժողովում ազդեցիկ դիրք ունեն հրեա կոնգրեսականները: Նրանք նախորդ տարիներին մեզ էին աջակցում, իսկ հիմա աջակցությունը մի կողմ, մեր դեմ ծավալում են լոբբիստական գործունեություն: Եթե որեւէ անակնկալ չպատահի, ապա նրանք, ելնելով «Թուրքիան հավակնում է գլխավորել չարիքի առանցքը» թեզից, ճնշում են գործադրելու, որ ամենակարճ ժամանակահատվածում Կոնգրեսի օրակարգում դրվի Հայոց ցեղասպանության բանաձեւը: Այդ առումով մեզ կարող է վշտացնել ԱՄՆ-ը, հատկապես Իսրայելի հետ առկա ճգնաժամի եւ դրան հաջորդող Իրանի հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության ֆոնին»: Ելնելով թուրք-իսրայելական հակասություններից, Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հետեւություններ անող հայաստանցի որոշ քաղաքական գործիչները, քաղաքագետներն ու վերլուծաբանները առաջնորդվում են ցանկատեսությամբ: Հակառակ նրանց, ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշն ու թուրքական Աքշամի հեղինակ Նագեհան Ալչըն նույն հետեւության են հանգում, որ նախազգուշացնեն Թուրքիային: Որքան էլ արդարությունը, ազնվությունն ու բարոյականությունը կատեգորիա չլինեն քաղաքականության մեջ, ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված հանցագործություն է: Ուստի ճանաչելու դեպքում հանցագործություն է առաջին հերթին դատապարտվում: Հետեւաբար ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Իսրայելը դատապարտելու է մարդկության դեմ կատարված հանցագործությունը, իսկ դատապարտումը նախատեսված է ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայով: Ուստի չպետք է գերագնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման իրողությունը, ոչ էլ ճանաչումը վերագրել ճանաչող պետության արժանիքներին: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: