Monday, June 28, 2010

Մանրուքները մեծ քաղաքականության մեջ. Մոսկվան ապտակո՞ւմ է Ալիևին

Հունիսի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարության պաշտոնական տեքստի` անգլերեն և ռուսերեն տարբերակներում որոշակի անհամապատասխանություններ կան: Մասնավորապես, մի քանի էական տարրերում միմյանց չեն համապատասխանում Սպիտակ տան և Կրեմլի պաշտոնական կայքերում զետեղված տեքստերը: Այսպես` հակամարտության կարգավորման սկզբունքների նկարագրական մասում ԱՄՆ նախագահի պաշտոնական կայքում զետեղված անգլերեն տարբերակում նշված է. «The return of the occupied territories surrounding Nagorno-Karabakh» (Լեռնային Ղարաբաղի հարակից օկուպացված /զբաղեցված/ տարածքների վերադարձ): Մինչդեռ ՌԴ նախագահի պաշտոնական կայքի տեքստում այս դեպքում նշում է. «Возвращение территорий вокруг Нагорного Карабаха» (Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ): Ակնհայտ է, որ ռուսական տարբերակում «occupied» բառն ընդհանրապես օգտագործված չէ: Բովանդակային տեսանկյունից այս «բացթողումն» էական համարել չի կարելի: Իհարկե, սահմանի երկու կողմում էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն այդ տերմինի կիրառության առնչությամբ քաղաքական ու քարոզչական դիվիդենտներ քաղել, սակայն կարևորն այս պարագայում ընդհանուր սկզբունքն է, ըստ որի պարզ է դառնում, որ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղն ինքնին չի ընկալվում որպես օբյեկտ, առավել ևս` ինչ-որ մեկի օկուպացիայի, այլ դիտարկվում է սուբյեկտ: Երկրորդ` անգլերեն տարբերակում ամրագրված է. «Final status of Nagorno-Karabakh to be determined in the future by a legally-binding expression of will» (Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը սահմանվելու է ապագայում` իրավաբանական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով): Ռուսական կողմն այս դրույթը ձևակերպել է այսպես. «Определение будущего окончательного правового статуса Нагорного Карабаха путем имеющего обязательную юридическую силу волеизъявления его населения» (Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի սահմանում` նրա բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով): Ռուսական կողմն ակնհայտորեն այստեղ ավելորդ տարր է մտցրել` նշելով, որ կամարտահայտության սուբյեկտ է Լեռնային Ղարաբաղի բնակչությունը: Այս տարրը բանակցային գործընթացում խիստ էական է: Ավելին, դատելով նախորդիվ եղած կցկտուր տեղեկատվությունից` հասկանալի էր, որ կողմերի հիմնական տարաձայնությունը կապված է հենց այդ տարրի հետ. ադրբեջանական կողմը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում հնարավոր կամարտահայտությանը (հանրաքվե) պետք է մասնակցի Ադրբեջանի ողջ բնակչությունը, իսկ հայկական կողմը, ցույց տալով նման մոտեցման անհեթեթությունը, պնդում է հանրաքվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում անցկացումը: Հանուն արդարության պետք է նշել, որ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում տեղեկացվում է, որ ռուսերեն տարբերակն ընդամենը թարգմանություն է: Այսինքն` փատսաթղթի բնօրինակն անգլերենն է: Բայց դա նույն տեքստի երկու տարբերակների միջև էական անհամապատասխանությունների ու դրանց պատճառների մասին ենթադրյալ հարցի պատասխան չէ: Չափազանց պարզունակ կլիներ մտածել, թե այս տարբերությունները վատորակ թարգմանության կամ տեխնիկական վրիպակի հետևանք են: Չենք կարծում, թե ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցների պրոֆեսինոնալիզմը կարելի է կասկածի տակ առնել: Բայց անգամ եթե համարենք, որ ՌԴ նախագահի աշխատակազմում այս առումով թերացել են, ապա հարց է ծագում, ինչպես են գրեթե նույն «բացթողումն» արել ռուսական առաջատար «ՌԻԱ Նովոստի» և «Ինտերֆաքս» գործակալություննները, որոնք երկուսն էլ կանադական Մուսկոկայից տարածած հաղորդագրություններում թույլ են տվել այն նույն «վրիպակները», ինչ ՌԴ նախագահի մամլո գրասենյակը: Կնշանակի Ռուսաստանի տարածված տեքստն ամենևին էլ պատահական չէ, և որոշակի ազդակներ իր մեջ պարունակում է: Կարելի է ենթադրել, որ այն ավելի շատ արտահոսք է. Կրեմլի կայքում զետեղված փաստաթուղթը (որը հնարավոր է ժամանակի ընթացքում վերախմբագրվի) հուշում է, որ ենթադրյալ հանրաքվեի հարցում համանախագահները հակված են և ողջամիտ են համարում հայկական կողմի մոտեցումը: Իսկ թե ինչո՞ւ է ռուսական կողմը նման արտահոսք կազմակերպել, հավանաբար պետք է փնտրել Սանկտ Պետերբուրգում հունիսի 17-ին նախագահաներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը հետևած զարգացումների մեջ: Գուցե՞ այս «վրիպակները» պաշտոնական Մոսկվայի ապտակն է Իլհամ Ալիևին` Սանկտ Պետերբուրգում Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ խոստում տալու ու այն դրժելու համար: Աղբյուր` Panorama.am Հեղինակ` Արմեն Մինասյան

No comments: