Thursday, June 10, 2010

Փորձագետ. Ամերիկայի վարած քաղաքականությունը հակահայկական է

Aysor.am. 10-6-2010- ԱՄՆ-ն որևէ ազդեցություն չի կարող ունենալ Իրանի վրա, և Ամերիկայի վարած քաղաքականությունը հակահայկական է, ոչ թե` հակաիրանական: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փորձագետ Սերգեյ Շաքարյանցը: «ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ Իրանի նման երկրին ոչ թե պետք է թելադրել, այլ նրա հետ համագործակցել: ՄԱԿ-ի ԱԽ որոշումն Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ հարված է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին: Պատժամիջոցների կիրառումը հազիվ թե կանգնեցնի ուրանի հարստացման գործընթացն ու միջուկային էներգետիկայի ոլորտում իրականացվող հետազոտությունները, դա միայն նոր խոչընդոտներ կստեղծի Իրանի ու տարծաշարջանի, այդ թվում նաև Հայաստանի հետ հարաբերություններում»,- ասաց Ս. Շաքարյանը` հավելելով, որ երկրները կամ պիտի գաղտնի բարիդրացիական հարաբերություններ պահպանեն Իրանի հետ, կամ պետք է ընդհանրապես կապ չունենան: Նա հիշեցրեց, որ Հայաստանն ու Իրանը մշակել են մի շարք էներգետիկ նախագծեր, և ՄԱԿ-ի ԱԽ երեկվա որոշումն անմիջական անդրադարձ կունենա հայ-իրանական համագործակցության վրա: Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ առաջիկայում լուրջ սրացումներ կարող են լինել Մերձավոր Արևելքում, և ամեն ինչ կախված է ՄԱԿ-ում Իսրայելին վերավերող լսումներից: Եթե ՄԱԿ-ը նույն դիրքորոշումը չորդեգրի Իսրայելի հանդեպ, բանախոսի կարծիքով, կարելի է լուրջ բախումներ ակնկալել նաև տարածաշրջանում: Փորձագետը այնումանայնիվ վստահ է, որ Թուրքիա-Իսրայել հակամարտությունը հակամարտություն չէ, այլ սադրանք Իրանի դեմ. «Երկու երկրներն էլ նախապես պատրաստվել են: Թուրքիան և Իսրայելը 500 տարվա պատմություն ունեն և ամեն ինչ կանեն ճիշտ ելքեր գտնելու համար»: Անդրադառնալով ռուս–թուրքական մերձեցմանը` Շաքարյանն ասաց, որ պետք զգուշանալ ոչ թե այդ, այլ` ամերիկաթուրքական մերձեցումից:

No comments: