Thursday, June 10, 2010

Ադրբեջանն ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը չէ. «Ստրատֆորի» ղեկավար

Tert.am. 10-6-2010- Ղարաբաղյան խնդրի լուծման համար հարկավոր է սպասել՝ մինչև փոխվի Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեգիծը կամ հակամարտությունն ամբողջովին սառչի։ Այս մասին Բաքվում ասել է «Ստրատֆոր» ամերիկյան վերլուծական կենտրոնի ղեկավար Ջորջ Ֆրիդմանը։ «Հակամարտության լուծման համար պատերազմը ելք չէ, ավելի լավ է՝ ինքներդ ձեզ հարց ուղղեք՝ ինչպիսի աջակցություն կարող է ցուցաբերել միջազգային հանրությունն այս հարցում։ Արժե՞ արդյոք ռիսկի դիմել և ուժ գործադրել այս հարցում։ Դա հարկավոր է լուծել։ Չէ՞ որ պատերազմը կարող է հանգեցնել անսպասելի հետևանքների»,- ասել է «Ստրատֆորի» նախագահը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Հարավային Կովկասի տարածաշրջանի հանդեպ իր երկրի վարած քաղաքականության առնչությամբ Ֆրիդմանն ասել է, որ «այդ քաղաքականությունը կախված կլինի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի քաղաքականությունից»։ «Ստրատֆորի» ղեկավարը նաև նշել է, որ Ադրբեջանը ԱՄՆ արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը չէ։ Ըստ Ջորջ Ֆրիդմանի՝ Իրաքից ԱՄՆ-ի հեռանալը կհանգեցնի տարածաշրջանում Իրանի հզորացմանը, սակայն, միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն չի կարող չափազանց երկար մնալ Իրաքում։ «Նշեմ նաև, որ Իրանի ուժեղացումը կվերաբերի ոչ թե Իսրայելին, այն Պարսից ծոցի երկրներին և Ադրբեջանին»,- ընդգծել է վերլուծաբանը՝ հավելելով, որ Ադրբեջանը դեռևս ԱՄՆ-ի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չի համարվում։

No comments: