«Լրագիր» 14-6-2010- Ռուսաստանի քաղաքական գրոհի մակընթացությունը, որ սկսեց Ուկրաինայում, բախվելով Վրաստանին, անցավ տեղատվության փուլ:
Ուկրաինայի նախագահի ընտրությանը Վիկտոր Յանուկովիչի հաղթանակը եւ Արեւմուտքի դիմադրության բացակայությունը ռուսաստանյան ղեկավարության մեջ էյֆորիա առաջացրին, որի ալիքին կատարվեց Կիրգիզիայի “սեւ-սպիտակ” հեղափոխությունը: Բիշքեկում իշխանության եկավ ժամանակավոր կառավարությունը, որի հակաարեւմտյան բնույթն արտահայտվեց միանգամից, մանաս օդային բազայի հարցում: Այս նույն ալիքի վրա Ռուսաստանը ձեռնամուխ եղավ Հարավային Կովկասին, Թուրքիային, առաջ քաշեց մի շարք “հակաարեւմտյան” հաղորդակցական նախագծեր: Հետո որոշեց, որ ժամանակն է փոխել Վրաստանի իշխանությունը, եւ ակտիվորեն ներգրավվեց տեղական ինքնակառավարման ընտրությանն այդ երկրում, հրապարակավ աջակցելով Բուրջանաձեին եւ ընդդիմադիր այլ գործիչների:
Սակայն, ռուսական գրոհի ալիքը Վրաստանի ընտրությանը մարեց: Սահակաշվիլիի կուսակցությունը վստահ հաղթանակ տարավ, եւ պարզ դարձավ, որ առայժմ Ռուսաստանի ուժերից վեր է Վրաստանում փոխել իշխանությունը: Անմիջապես կոշտ հայտարարություններ արեցին ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը, Վրաստանի տարածքային ամբողջականության մասին, իսկ Շվեյցարիայում վերսկսվեց բանակցությունը Աբխազիայի ու Հարավային Օսիայի վերաբերյալ: Ընդ որում, հատկանշական է, որ ռուսական կողմը պնդում է ուժի չկիրառման պայմանագիր կնքել:
Ռուսաստանին չհաջողվեց պահել դիրքերը նաեւ իրանական հարցում. Մոսկվան ստիպված էր պաշտպանել ՄԱԿ ԱԽ-ի պատժամիջոցները, եւ դա ԱՄՆ-ին թույլ տվեց Իրանի նախագահի ընտրության տարելիցի կապակցությամբ հանդես գալ կոշտ հայտարարություններով: ԱՄՆ պետքարտուղարը փաստորեն հայտարարեց, որ Իրանի վարչակարգը խախտում է սեփական քաղաքացիների իրավունքները, իսկ դա նշանակում է, որ ժողովրդավարության համար պայքարում ԱՄՆ իրավունք է վերապահում պայքարել Իրանի հակաժողովրդավարական վարչակարգի դեմ:
Ռուսաստանի քաղաքականությունը հաջողություն չունեցավ նաեւ թուրքական հարցում: Մի քանի ամիս առաջ ընկերանալով Անկարայի հետ, Մոսկվան ներկայում ստիպված է հաշվի նստել Թուրքիայի քաղաքականության հետ, որը հակամարտության մեջ է մտել Իսրայելի ու ԱՄՆ հետ: Ներկայում Թուրքիային բացահայտ աջակցությունը կարող է դիտվել իբրեւ ԱՄՆ հետ թշնամության նշան, իսկ դա դժվար թե պետք է Մոսկվային:
Հատկանշական է, որ հենց այժմ են սկսվել անկարգությունները Կիրգիզիայում, որոնք կասկածի տակ են դնում Ռուսաստանի “վերադարձը”: Մոսկվայում տեղի է ունենում ՀԱՊԿ երկրների Անվտանգության քարտուղարների նիստ, որը պետք է քննարկի Կիրգիզիայի իրավիճակը: Թեեւ անհասկանալի է, թե ինչ որոշում պետք է ընդունվի: Երկու տարբերակ կա. Կամ Կիրգիզիա է ուղարկվում ՀԱՊԿ զորքը, Մոսկվայի “հաղթանակը” պահելու համար, կամ էլ հրաժարվում է հաղթանակից: Զորք ուղարկելը կնշանակեր պատերազմ հայտարարել Արեւմուտքին, եւ դժվար թե նման որոշում ընդունվի: Ավելի շուտ, նիստը կբավարարվի քաղաքական հայտարարությամբ: Եւ ռուսաստանյան տեղատվության ալիքը հետ կգնա դեպի Ուկրաինա:
Այս ֆոնին այնքան էլ համոզիչ չեն այն տեղեկությունները, որոնց համաձայն` Մեդվեդեւը օգոստոսին գալու է Հայաստան, իր հետ բերելով ղարաբաղյան կարգավորման նոր տարբերակ: Ծրագիրն, իբր, արդեն պատրաստ է, սակայն, դատելով աշխարհքաղաքական ինտենսիվ զարգացումներից, մինչեւ օգոստոս դրանում կարող են էական փոփոխություններ լինել:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Monday, June 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment