Monday, June 14, 2010

Սերժ Սարգսյանի հայտարարության պատճառով դատարանի առջև կանգնած թուրք գլխավոր խմբագիրն արդարացվեց

Tert.am. 14-6-2010- Թուրքական դատարանն արդարացրել է gerçekgündem.com կայքէջի գլխավոր խմբագիր Բարըշ Յարքադաշին, որի դեմ հայց էր ներկայացվել կայքէջում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հասցեին քննադատություն հրապարակելու համար: Այս մասին տեղեկացնում է Ankara գործակալությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, gerçekgündem.com կայքէջում հրապարակվել էր Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որում նա ասում էր, թե ինքը Թուրքիա կգնա այն դեպքում, «երբ արդեն ունենանք բաց սահման կամ գտնվենք Հայաստանի ապաշրջափակման շեմին»: Իսկ նյութի տակ տեղադրվել էր Turkeli27 ծածկանվամբ՝ կայքէջի ընթերցողներից մեկի մեկնաբանությունը (ի դեպ, վերջինիս ինքնությունն այդպես էլ չի պարզվել): Նա Սերժ Սարգսյանի հայտարարությունը որակել էր որպես մարտահրավեր Թուրքիային և դրա համար քննադատել նախագահ Աբդուլլահ Գյուլին: Այդ մեկնաբանությունը հրապարակվելուց հետո Թուրքիայի նախագահի գրասենյակը դիմել էր Արդարադատության նախարարությանը, որից հետո հետաքննություն էր սկսվել և դատական գործ հարուցվել «նախագահին վիրավորելու մեղադրանքով»: Թուրքական արդարադատությունը պահանջում էր 5,4 տարվա ազատազրկման դատապարտել Բարըշ Յարքադաշին:

No comments: