«Լրագիր», 14/06/2010: Պաշտոնական Երեւանը Անկարայից հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման «իրական պատրաստակամություն» է սպասում: Այդ մասին այսօր Թբիլիսիում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վրաց պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպման ավարտին կայացած համատեղ ասուլիսի ժամանակ Նալբանդյանը ընդգծել է, որ «կապված մի քանի ամիս առաջ թուրքական խորհրդարանի կողմից երկու արձանագրությունների արգելափակման հետ` տվյալ փուլում որոշակի ընդհատում կա փաստաթղթերի վավերացման առնչությամբ»: «Սկսվել էին խոսակցություններ որոշակի նախապայմաների մասին, ինչը տվյալ հարցի քննարկումը կասեցնելու պատճառ դարձավ», - մանրամասնել է Հայաստանի արտգործնախարարը:Ինչ վերաբերում է բանակցություններում հնարավոր միջնորդությանը, ապա, «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ «պաշտոնական Երեւանը դրական կընկալի միջնորդությունը ցանկացած պետության կողմից, քանի որ համարում է, որ այն կնպաստի հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը, թեեւ, առաջին հերթին, ակնկալում է, որ պաշտոնական Անկարան իրապես պատրաստ կլինի հարաբերությունները առաջ մղելուն»:Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաեւ, որ պաշտոնական Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ չկան անլուծելի հարցեր:Գրիգոլ Վաշաձեն, իր հերթին, ասել է, թե Հայաստանի արտգործնախարարի հետ մոտ մեկ ժամ տեւած հանդիպմանը քննարկված հիմնական հարցը «Վրաստանի` Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում» տիրող իրավիճակն էր:«Մենք մեր գործընկերներից սպառիչ տեղեկատվություն ստացանք հակամարտության գոտիներում իրավիճակի մասին, ինչպես նաեւ քննարկեցինք հայազգի անձանց դրությունը», - փոխանցել է Էդվարդ Նալբանդյանը, տեղեկացնում է «Ազատությունը»:
Monday, June 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment