Wednesday, June 30, 2010

Թուրքական իշխանությունները որոշել են Պոլսո փոխպատրիարքի ընտրության թույլտվություն տալ

News.am. 30-6-2010- Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական խնդիրների պատճառով առաջացած ճգնաժամը կարծես լուծում է գտել։ Թուրքական իշխանությունները որոշել են, որ ավելի հարմար է ընտրել փոխպատրիարք։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ 6 ամիս առաջ Ստամբուլի նահանգապետի միջոցով Թուրքիայի ներքին գործերի նախարարին ուղղված Պոլսո պատրիարքարանի հոգեւոր խորհրդի եւ նախաձեռնող խորհրդի դիմումները քննարկվել են թուրքական կառավարության կողմից, եւ հայոց պատրիարքարան է ուղարկվել համապատասխան գրություն։ Պոլսո հայոց պատրիարքարան ուղարկված գրության մեջ նշվել է. «Անհրաժեշտ է, որ ներկայիս Մեսրոպ 2-րդ պատրիարքը ցմահ մնա պատրիարքական աթոռին, քանի որ մեկ անձ կարող է կրել պատրիարքի տիտղոսը։ Նոր պատրիարք կամ համապատրիարք ընտրելու փոխարեն ավելի հարմար է ընտրել փոխպատրիարք»,-նշվել է գրության մեջ։ Նշենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով չի կարողանում իրականացնել իր պարտականությունները։ Սակայն, ըստ կանոնադրության, Պոլսո պատրիարքը ընտրվում է ցմահ։ Այս պայմաններում, Պոլսո հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհուրդը դիմել էր թուրքական իշխանություններին՝ համապատրիարք ընտրելու թույլտվության խնդրանքով։ Իր հերթին պատրիարքարանի նախաձեռնող խումբը եւս դիմել էր, սակայն նոր պատրիարք ընտրելու խնդրանքով։ Այս ամենը Ստամբուլի հայ համայնքում հանգեցրել էր լուրջ տարաձայնությունների։

No comments: